Երեկ ունեցել ենք կորոնավիրուսի 289 նոր դեպք, 4 մահ, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 7402-ի: Մահերի ընդհանուր թիվը 91 է: 269 քաղաքացի ծանր վիճակում է, ծայրահեղ ծանր՝ 51-ը: 15 քաղաքացի էլ թոքերի արհեստական շնչառության ապարատներով են շնչում: Այս տվյալներն այսօր հրապարակեց
առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո՝ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսում:
Թորոսյանն ասաց, որ այսօր պարետատան նիստում որոշում է կայացրել շարունակել հզորացնել առողջապահական համակարգը. «Փորձը ցույց է տալիս, որ վարակի հետ ապրելուն զուգընթաց, դրանք, այնուամենայնիվ, մեզ պետք են: Իսկ վարակի հետ զուգընթաց ապրելն այսօրվա մեր հիմնական ուղղությունն է, որը կարծում եմ, շատ չի տարբերվում շատ երկրների ուղղություններից: Հետեւաբար կանոնների պահպանումը այս նոր մարտահրավերի հետ, մեր միակ ելքն է»:
Թորոսյանը վստահեցրեց, որ դիմակների արդյունավետ ու կարգապահ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը»:
Կարդացեք նաև
Ըստ նախարարի, եթե մենք հավաքական ջանքերով կանոնները ճիշտ պահպանենք՝ վարակը կդարձնենք կառավարելի եւ մարման վիճակում:
Թորոսյանը կոչ արեց չտրվել տարբեր լուրերի, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, ձեռքերի հաճախ լվանալը կամ այլ միջոցառումները, որոնք խորհուրդ են տրվում:
Նախարարը նաեւ ասաց, որ թեթեւ դեպքերը սպասարկվում են տանը՝ ամբուլատոր համակարգի հսկողության ներքո:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ