Այսօր կառավարությունում տեղի ունեցած պարետատան նիստից հետո փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ մոտակա ժամանակները տնտեսական սահմանափակումներ, ընդհանուր առմամբ չեն սպասվում, եւ պարետատունն անցել է ապակենտրոն պայքարի մոդելին. «Մեզնից յուրաքանչյուրն իր ավանդը պետք է ներդնի այս պայքարում եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է պաշտպանվի եւ պաշտպանի իր հարազատներին ու մտերիմներին եւ այդ ամենում կարեւորագույն գործոնը կանոնների պահպանումն է՝ սոցիալական հեռավորություն, դիմակների կրում եւ ձեռքերի պարբերաբար ախտահանումը»:
Փոխվարչապետն ասաց, որ այսօր նիստում քննարկել են եւ չեն բացառել, որ անցնեն կարանտինի սահմանման. «Որոշ դեպքերում որոշ համայնքներում կարանտինային ռեժիմ սահմանել ենք, ինչպես օրինակ՝ Սեւանում, Մարտունիում, Արենիում՝ բռնկումների օջախներում: Ես չէի ուզենա, որ վերադառնանք սահմանափակումների ռեժիմին, իսկ դա նշանակում է, որ մենք հնարավորինս պետք է լինենք կարգապահ»:
Պարետ Տիգրան Ավինյանի խոսքով, թվերի նվազումը պետք է, որպեսզի առողջապահական համակարգը բավարար կարողություններ ունենա սպասարկելու: Ըստ նրա, վարակի վերացման մասին որեւէ երկիր չի խոսում, այն տեւական ժամանակ դեռեւս մեզ հետ մնալու է:
Ավինյանն ասաց, որ մասնավոր լաբորատորիաներին կներգրավեն կորոնավիրուսի թեստավորման գործընթացում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ