Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ: Գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ: Այսօր պարետատան նիստից հետո հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին եւ արդյունավետ են, խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը: Կանոնները համընդհանուր են՝ ձեռքերի պարբերաբար ախտահանում, դիմակի կրումը հնարավորինս ամենուր, որտեղ հնարավոր է եւ սոցիալական հեռավորության պահպանումը: Ըստ վարչապետի այս կանոնների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավի, այլեւ կձգտի զրոյի.
«Մենք չենք զլանա վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողությունները՝ մասնավորապես դիմակի կրումը պարտադիր լինի: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը կարող է բեկում մտցնել եւ զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյի»:
Փաշինյանի խոսքով, մինչեւ այսօր կիրառվող վարչական լծակներն ավելի կխստացվեն. «Այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության տարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցով, իրավաբանական, ավարտված տնտեսվարողներով՝ կանոնների պահպանման վերաբերյալ: Միջմարզային ճանապարհներին անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի արդյոք սահմանված կանոնի համաձայն մեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրո՞ւմ են դիմակ, թե՞ ոչ, ունե՞ն, թե՞ ոչ: Երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ, բայց մեր հիմնական անելիքը մենք համարում ենք սիրելի քաղաքացիների հետ երկխոսությունը: Բայց, այնուամենայնիվ պետք է մեզնից կախվածն անենք, չվարակվելու եւ չվարակելու որովհետեւ գործ ունենք մարդկանց կյանքի հետ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ