«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցն այսօր Երեւանի ավագանու նիստում շատ բուռն քննարկվեց:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկել էր հարցը հանել օրակարգից, որոշ ժամանակ հետո բերել: Այս առաջարկը «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը քննադատեց: Հարցը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, չհանվեց օրակարգից: Արդեն հարցի քննարկման ժամանակ կոշտ ելույթներ եղան բոլոր խմբակցություններից: «Իմ քայլի» տարբեր անդամներ տարբեր կարծիքներ ունեին նույն հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, նախագծով առաջարկվում է ութ տարածք անհատույց օգտագործման պայմանով տալ ԵԿՄ-ին, այս տարածքներից չորսը մանկապարտեզներ են:
Մեսրոպ Պապիկյանն իր ելույթում պարզաբանեց՝ հարցը պետք է խորը ուսումնասիրվի.«Կան ազատամարտիկներ, որոնք առողջական, ֆինանսական խնդիրներ ունեն, եկեք բովանդակային քննարկենք լուծում գտնենք, համայնքի միջոցներով օգնենք մեր ազատմարտիկներին: Այս փաթեթը նման լուծում չի առաջարկում: Օրինակ՝ կա հնարավորություն այդ տարածքներից մեկն օգտագործելով ԵԿՄ-ի եւ այլ ՀԿ-ի միջոցով կազմակերպել վետերանների խնամքի կենտրոններ»:
Կարդացեք նաև
Նույն խմբակցությունից Էրնեստ Ավանեսովն հարցի վերաբերյալ քննադատողներին դիմեց.«Էդ որ ասում եք՝ ինչ եք արել, ամոթ է եւ այլն, մի հատ մտեք ձեր կուսակցություններ եւ խմբակցություններ, էն մյուս կողմից դուրս եկեք, գուցե ամոթի որոշ դրվագներ տեսնեք: Չփորձեք խեղաթյուրել մեր ասածները:
Հարցը բազմաշերտ է: Ես ու իմ ընկերները 2016 թվականին, երբ չգիտեմ շատերը որտեղ եւ ինչ էին անում, այդ թվում նաեւ ՀՀԿ-ի հետ, շատերս գիտենք ձեր՝ ՀՀԿ-ի հետ մոտիկությունը, չփորձեք այստեղ կանգնել ու մատով համեմատություններ անել, մենք Մաշտոցի պուրակում առաջին անհրաժեշտության ապրանքներ էինք հավաքում, հետո մի կերպ ստացվեց, մեկնեցինք Արցախ, բայց դրոշակ չդարձրեցինք»: Ապա ավագանու անդամը ցույց տվեց ԵԿՄ-ին տրամադրվող մանկապարտեզների տարածքների նկարները.«Առասպելի վիճակ է, այս տարածքը երկար ժամանակ գտնվել է ԵԿՄ տնօրինման տիրույթում, մի կերպ ենք անցել այդ տարածքով: Օրինակ՝ եթե այս տարածքը չտանք ԵԿՄ-ին, շատ մեծ հավանականություն կա, որ կներառվի ՄԱԿ-ի ծրագրում: Համայնքի եւ տնօրենի կարծիքն է հետաքրքիր, մարդիկ ասում են՝ մենք ունենք պոտենցիալ, ուզում ենք մի բան անենք: Ում հետ խոսում ենք՝ ծնողներն ուզում են բերեն, տեղ չկա: Երբ ասվում է, որ գրանցված երեխա չկա, ասում եմ՝ մսուր խմբերի սուր անհրաժեշտություն կա, արհեստականորեն դիմողները քիչ են:
Որ ասում եք՝ ռազմահայրենասիրական…կոչ եմ անում, երբ մոտենաք խոսափողին, բացեք՝ ի՞նչ եք հասկանում դրա տակ: Համոզված եմ՝ շատերը գաղափար չունեն ինչի մասին են խոսում, բայց հաճելի է բոցաշունչ ելույթներով դիվիդենտներ հավաքել: Մենք չենք գնալու ձեր սադրանքին, եկել է ժամանակը, որ ձեր պատասխանը անմիջապես կստանաք»:
«Իմ քայլից» էդգար Բարսեղյանն էլ իր ելույթում ասաց՝ դժվար է ընտրություն անել երեխաների եւ մեզ խաղաղություն նվիրած մարդկանց միջեւ. «Այս երեխաներն ապագայում եւս խաղաղություն են նվիրելու, մենք պարտավոր ենք քաղաքակիրթ մանկապարտեզ տալ նրանք: Այդ տարածքներում կարող է լինել մուլտերի սենյակ, գրադարան եւ այլն»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանն էլ հայտարարեց՝ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին, իր ելույթում նա ասաց.« Եթե մեկ շաբաթ առաջ բերվեր նախագիծը, այո, պետք է տայինք: Տեխնիկական ինչ-որ խնդիրների ենթատեքստով պատճառաբանելով սղացնում եք ձեր ներսի ցանկությունները՝ այ, մարդ, լավ, երկրապահին ինչի՞ ենք տարածք տալիս:
ԵԿՄ-ն ինձ համար ապաքաղաքական կառույց է, օրվա իշխանություններից կախված կառույց չէ, եղել է, կա եւ լինելու է՝ անկախ իշխանությունների օրակարգից»:
Առաքելյանն ապա անդրադարձավ ռազմահայրենասիրական կոչերին. «Համայնքի այդ գրասենյակներում ռազմահայրենասիրական դաստիրակչություն է իրականացվում, որը չգիտես ինչու, շատերի համար ծիծաղելի է դարձել, ռազմահայրենասիրությունը ծիծաղելի է դարձել, հայրենիքը սիրելը պաթոս է դարձել: Հայրենիքի նկատմամբ, այո, թեկուզ բարձրագոչ մտքեր արտահայտելը՝ էս ինչ են անում, ծիծաղելի է դարձել: 2018-ից հետո հայրենիքի հանդեպ սերը պակասո՞ւմ է: Այս տարածքները պիտի տրվի ԵԿՄ-ին»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանն էլ կոչ արեց միմյանց չպիտակավորել քվեարկության համար. «Ես չեմ քվեարկելու, բայց կիսելու եմ պատասխանատվությունն իմ թիմի հետ: Ինձ համար անարդար է, որ Երեւանում հազարավոր երեխաներ մանկապարտեզի հերթին սպասելով այդպես էլ մանկապարտեզ չեն գնում, նրանք նույն մեր ապագա զինվորներն են, եկեք այս հարցը քննարկենք, գուցե մանկապարտեզների վճարներից ու բյուջեից վերանորոգենք տարածքներն ու վերացնենք հերթերը մանկապարտեզ ընդունվելու»:
Նույն խմբակցությունից Սաթենիկ Մկրտչյանն էլ իր ելույթում նշեց՝ արցախյան ազատամարտը հայ ժողովրդի կենսագրության մեծագույն կետն է. «Մենք այդ ազատամարտի ժամանակաշրջանը ապրողներն ենք, այդ ամենի հզորությունը զգացել ենք, հաղթանակի տարիներն էին: Մենք մինչեւ հիմա այդ ցավի մեջ եղած մարդկանց առաջ որպես հասարակություն եւ պետություն պարտավոր ենք, բայց մենք ինստիտուցիոնալ պատասխանատվություն ունենք, որը ի շնորհիվ նախորդ իշխանության վերածվել է ինչ-որ ողորմությունների, շնորհակալությունների, արդյունքում քողարկվել է այն, որ մենք այդ մարդկանց որպես պատերազմի վետերաններ, զոհվածների ընտանիքիներ որեւէ ինստիտուցիոնալ աջակցություն չունենք: Եվ հիմա խոսել, որ մի քանի տարածք ՀԿ-ին տալ որպես մեծ լավություն, մեծ սխալ է»: Մկրտչյանը նշեց՝ ավագանին համայնքի գույքի համար պատասխանատվություն ունի, արդյոք ճիշտ է դրա համար մեղադրել. «Չի կարելի այլ հարթություն տանել, համայնքը պետք է մասնակցի այդ անձանց աջակցելու գործընթացին»: Մկրտչյանի դիտարկմամբ՝ շատ հարցեր կան այդ տարածքների տրամադրման հետ կապված, սակայն ժամանակ չի տրամադրվում դրա համար եւ գուցե այլ ճանապարհներ է պետք գտնել մանկապարտեզների՝ երեսուն տարի ամայացած տարածքները վերանորոգելու ու երեխաների մանկապարտեզների համար:
«Իմ քայլից» Աննա Ջավախյանն էլ, որը կողմ էր հարցը օրակարգից հանելուն, թվեր ներկայացրեց, բայց նախ անդրադառնալով ԲՀԿ-ի՝ տեխնիկական հարց ասվածին, նկատեց՝ այդ տեխնիկական մանրուքի տակ հազարավոր երեխաներ են, որոնք սպասում են իրենց հերթին. «Այս պահին Երեւանում մանկապարտեզ է հաճախում 30 649 երեխա, երկու տարեկանը լրացած 9 317 երեխա սպասում է իր հերթին: Այս երեխաները մեծանում են, նրանք անշունչ առարկաներ չեն, որ պատի տակ կանգնած սպասեն, թե երբ է մանկապարտեզը տեղ ունենալու, որ իրենց նախադպրոցական կրթության իրավունքը իրացնեն: 6845 երեխայի երեք տարեկանն արդեն լրացել է, եւ նրանց ծնողներից որեւէ մեկը չի կարողանում գնալ աշխատանքի, չի կարող հոգալ ընտանիքի հոգսը, այդ ընտանիքներից շատերին դատապարտում ենք աղքատության»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ թվեր ներկայացրեց ԵԿՄ-ին տրամադրվող մանկապարտեզների վերաբերյալ Դավթաշենի մանկապարտեզում հերթագրված է 47 երեխա, ավարտող՝ 99, Էրեբունիում՝ հերթի մեջ են 53 երեխա, 69-ն՝ ավարտող, Մալաթիա համայնքի մանկապարտեզում հերթում՝ 0, ավարտող՝ 35, Նոր Նորքում՝ հերթագրված երեխաների թիվը՝ 100 երեխա, ավարտող՝ 112: Սրանք այն չորս մանկապարտեզներն են, որոնց տարածքները տրամադրվելու է ԵԿՄ-ին:
Նախագիծն ընդունվեց, կողմ ՝ 31 , դեմ՝ 2, ձեռնպահ՝ 1:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ