Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում պետական կառավարման համակարգում

Մայիս 26,2020 20:40

Արտակարգ իրավիճակի պայմաններում հետևողականորեն կայացվում են պարետի որոշումներ՝ այս կամ այն տնտեսավարողի գործունեությունը կասեցնելու մասին՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից այս կամ այն պահանջի խախտումների փաստերը: Իրավական տեղեկատվական համակարգում կարելի է գտնել նման բազմաթիվ որոշումներ, որոնք լայնորեն տարածվում են զանգվածային լրատվամիջոցներով: Դիտարկենք պարետի 2020թ մայիսի 25-ի «Մի շարք տնտեսավարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ» N 91 որոշումը:

Հարց– այս որոշումն իրավական ա՞կտ է, պատասխանն է՝ այո կամ պետք է որ լինի: Եթե այդպես է, ապա ի՞նչպիսի իրավական ակտ է: Այս հարցին պատասխանելը այնքան էլ միանշանակ և հեշտ չէ, Ինչու՞,  որովհետև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով՝ հասկացությունների շարքում հստակ սահմանված է, թե ինչ է նորմատիվ իրավական ակտը, օրենսդրական ակտը, ենթաօրենսդրական ակտը, օրենսգիրքը, օրենսդրությունը, անհատական իրավական ակտը, լոկալ իրավական ակտը, համատեղ իրավական ակտը:

Հարց՝ նշվածներից ո՞րն է համարվում պարետի որոշումը: Հարցին պատասխանելու համար  առաջնորդվենք բացառման սկզբունքով, որից պարզ է դառնում, որ պարետի որոշումն օրենսդրական ակտ չէ, որովհետև Սահմանադրություն, սահմանադրական օրենք  և օրենք կամ օրենսգիրք չէ: Այն միգուցե՞ ենթաօրենսդրական ա՞կտ է, եթե այո, ապա որպես նորմատիվ իրավական ակտ, պետք է ունենա օրենքի 11-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները, որոնց շարքում է տեսակի անվանումը, որը սահմանված է նույն  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով: Նույն օրենքի 19-րդ հոդվածով կարգավորված է նորմատիվ իրավական ակտի հերթական /գրանցման/ համարը և բնույթը նշելը, այսինքն՝  նորմատիվ իրավական ակտը, բացի հերթական համարից, պետք է ունենա նաև նորմատիվ բնույթի մասին նշում, որը հերթական համարից հետո պետք է անմիջապես  նշվի «Ն» /նորմատիվ/ տառով: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է ունենա  տեսակ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն տարանջատել, այլև հիշատակել, որովետեև օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ ակտի անվանումը լրիվ կամ կրճատ հիշատակելիս պարտադիր է բնույթը և տեսակը ներառելը:  Ակնհայտ փաստացի իրողություն է, որ պարետի որոշումները չունեն տեսակի և բնույթի նշումները:

Միգուցե պարետի որոշումը անհատական կամ լոկալ ա՞կտ է, ցանկացած պարագայում աներկբա փաստ է, որ դրանք ևս պետք է ունենան համապատասխանաբար «Ա» /անհատական/ կամ «Լ» /լոկալ/ տառերով նշումները՝ ինչը պարետի որոշումը չունի՝ մի կողմ դնելով հարցը, թե դրանցից որն է կիրառելի պարետի որոշման դեպքում:

Պարետի որոշումը կարելի է դիտարկել նաև  կիրառման հնարավորության, իրատեսության, հետևանքների տեսանկյուններից:  Պարետի որոշման 3-րդ կետով սահմանված է, որ տնտեսավարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, որոշման 2-րդ կետով տեղեկացման պարտավորություն է դրվում տեսչական մարմնի վրա, իսկ 5-րդ կետի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հարց՝ հրապարակումը տեղեկացու՞մ է, թե՞ ոչ, որովհետև եթե տեղեկացում է, ապա ստացվում է անհասկանալի մի բան, ըստ որի տնտեսավարողը ներկա տեղեկատվական հասանելիության իրականությունում իր գործունեության կասեցման մասին տեղեկանում է համացանցից՝ պարետի որոշումը հրապարակելուց կարճ ժամանակ անց և այս դեպքում ստացվում է, որ տեսչական մարմինը պետք է նորից տեղեկացնի, որը բնականաբար կատարվելու է շատ ավելի ուշ, որովհետև պահանջում է ժամանակ և ռեսուրս տնտեսավարողին հասնելու համար: Իրականում պետք է որոշմամբ տեսչական մարմնի վրա դրվեր պատշաճ ծանուցման պարտավորություն, որը հստակ սահմանված է, որպես վարչարարության պարտադիր բաղկացուցիչ: Ծանուցումն ու տեղեկացումը տարբեր բաներ են, գործողության կատարման և իրավական տեսանկյուններից չեն կարող նույնացվել:

Հարց՝ ինչպե՞ս կարող է պարետի որոշումն ուժի մեջ մտնել հրապարակման պահից, եթե «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: Պարզ է, որ բացառության դեպքը կիրառելի չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը: Ակնհայտ է, որ տնտեսավարողի գործունեության սահմանափակումը սահմանված պահանջներին վարքագծի համապատասխանեցմանն ուղղված և  անձի իրավական վիճակի վատթարացման հանգեցնող դեպք է, բացի այդ ,միանշանակ է ողջամիտ ավելի ուշ ժամկետի անհրաժեշտությունը, հետևաբար ուղղակի պարզ  է, որ գործնական և իրավական հարթություններում անհնար է պարետի որոշումն ուժի մեջ մտնի հրապարակման պահից:

Միգուցե փորձ արվի հակադարձել, թե «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անհետաձգելի համարվող օրենքները, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո` անմիջապես, այդ ակտով նախատեսված լինելու դեպքում: Կարելի է ընդունել և համաձայնել, սակայն  մի պայմանով, եթե պարետի որոշումները տեղավորվեին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի տրամաբանության մեջ, և հնարավոր լինել օրենքի սահմաններում ֆիքսել, թե դրանք ի՞նչ իրավական ակտ են՝ ըստ տեսակի և բնույթի:

Վերադառնանք գործնական դաշտ, ի՞նչ է կատարվում իրականությունում: Պարետի որոշումը ձեռքներին՝ տեսչական մարմինները այցելում են տնտեսավարողին այն ժամանակ, երբ պարետի որոշումը վաղուց «ուժի մեջ է», հրապարակված է և դրանից հետո անցել են օրեր, որի ընթացքում տնտեսավարողը շարունակել և շարունակում է իր գործունեությունը և հայտնի չէ, թե հայտնաբերված խախտումները վերացվե՞լ են, թե՞ ոչ կամ էլ հայտնաբերման պահին միգուցե վերացվել են, սակայն հետագայում անհնար է բացառել, որ խախտումներ չեն եղել կամ դրանք չեն շարունակվել՝ դրանցից բխող հանրային առողջությանը սպառնացող ռիսկերով ու հետևանքներով և հանկարծ հայտնվում են ինչ-որ տեսուչներ, որոնք ավետում են կասեցման մասին և ըստ տեսչական մարմինների հրապարակած նկարների, ինչպես սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դեպքում է, օբյեկտի դռան կամ այլ տեսանելի տեղում փակցնում են ինչ-որ թուղթ, որտեղ գրված է տեղեկացում, կասեցման մասին պարետի որոշումը, տնտեսավարողի տվյալները և օրինակ՝ պարետի որոշման ամսաթվից 3 օր անց գործունեությունը արգելելու մասին՝ տվյալ օրվա ամսաթվի նշմամբ: Զարմանալին կամ հետաքրքիրն այն է, որ այդ թուղթը փակցնում են տնտեսավարողի փաստացի գործունեության ժամանակ, հպարտությամբ այդ աշխատանքը նկարում, հնարավոր ու անհնար եղանակներով տարածում՝ չգիտակցելով, որ նկարից պարզ երևում են տնտեսավարողի գործունեության և հաճախորդների առկայության փաստերը, ինչից հանրության մոտ ակնհայտ են դառնում այդ ամենի ձևականությունն ու դրա նկատմամբ վերաբերմունքը:

Պարետի որոշման մեջ կաղում են նաև հայերեն ձևակերպումն ու շարահյուսությունը. եթե նախաբանում նախադասությունը սկսվում է «Ղեկավարվելով» բառով, ապա «-ով» վերջածանցով պետք է ավարտվեին ոչ միայն կառավարության որոշակի դրույթներին կատարված հղումները /կետերով, կետով բառերը/, այլև «արձանագրությունները» բառը, որովհետև ստացվում է «Ղեկավարվելով …… արձանագրությունները», ինչը  հայերեն չէ:

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ 2 ՀԱՐՑ՝

ա/ ի վերջո, ի՞նչ  են  պարետի N 92 և մյուս բոլոր նման որոշումները, և ի՞նչ իրավական հետևանք կարող են առաջացնել,

բ/ ի՞նչ է կատարվում պետական կառավարման համակարգում, ենթադրենք պարետը չգիտի, բա փաստաթղթի մշակման, բովանդակության, կիրառման,  իրավաչափության, հետևանքների մասին ո՞վ պետք է մտածի կամ ովքե՞ր են պատասխանատու:

Սա պետական կառավարման համակարգի աննախադեպ իրավիճակի և հետընթացի արդյունքն է, երբ ամենաթողություն է, բարձիթող վիճակ, ու՞ր են կոմպետենտությունը, փորձը, պատասխանատվությունը, հետևողականությունը …:

 

Արմեն Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031