ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաղթանակի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթն անցկացվելու է հունիսի 24-ին: Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրահանգել է սկսել նախապատրաստական աշխատանքները:
«Հրահանգում եմ սկսել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթի նախապատրաստական աշխատանքները Մոսկվայում և այլ քաղաքներում: Մենք դա կանենք հունիսի 24-ին՝ այն օրը, երբ 1945թ. տեղի ունեցավ պատերազմից հաղթանակով վերադարձածների պատմական շքերթը»,-ասել է Պուտինը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահը հրահանգել է նաև ապահովել անվտանգության ամենախիստ պայմանները:
Ավելի վաղ BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Կրեմլը մտադիր է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 24-ին, ինչից հետո էլ տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեն, որը Պուտինին կրկին առաջադրվելու հնարավորություն կտա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հաղթանակի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթը պետք է կայանար մայիսի 9-ին, բայց հետաձգվել էր՝ կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակի պատճառով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ