«Պատմականորեն սա առաջին վճիռն է երբևիցե գոյություն ունեցող, որ միջազգային դատական ատյանն արձանագրել է ադրբեջանական պետության հակահայկական խտրականությունը, ատելությունը, և այդ վճռի իրականացման հետևանքները նաև կլինեն նրանք, որ Ադրբեջանը պետք է ժամանակի ընթացքում ապահովի հակահայկական խտրականության վերացումը»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը՝ անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռին:
Փաստաբանն ասաց, որ շուրջ 16 տարվա հետևողական պայքարից հետո են վերականգնել արդարությունը. «Մենք նախաձեռնեցինք միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի պատասխանատվությունը բարձրաձայնելու գործընթաց: Հունգարական դատարանները, ցավոք, չէին վերագրել Սաֆարովի գործողությունները ադրբեջանական պետությանը, և միջադեպը մնացել էր մասնավոր հարթության մեջ: Մենք ունեինք հայ զոհ` ի դեմս Գուրգեն Մարգարյանի և ունեինք մարդասպան, որը պատժվել էր, բայց որևէ կերպով սպանության ուղղորդումը չվերագրվեց և հետագա անպատժելիությունը չվերագրվեց ադրբեջանական պետությանը»:
Սիրանույշ Սահակյանն ասաց, որ այս գործով իրենք հարցի հարթությունը փոխել են. «Այս պահին ունենք Ադրբեջանի կողմից քաղաքականության, մարդու իրավունքների համար պատասխանատվության դրվագ: Առաջին ձեռքբերումը, որ այս վճռի կայացմամբ կա, այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը, և այս անպատժելիության համար պետությունն է հանձնառու: Բոլոր հետագա միջոցները, որոնք պահանջվում են, դրա հասցեատերը լինելու է ոչ թե մարդասպանը, այլ ադրբեջանական պետությունը»:
Սիրանույշ Սահակյանը ՄԻԵԴ վճիռը գոհացնող է համարում, բայց նաև նշում. «Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի իրավունքների խախտումներն արձանագրվել են, ցավոք, չի արձանագրվել Հունգարիայի կողմից խախտումների փաստը, որը բարձրաձայնվել է մեր կողմից: Մենք չենք բացառում մեր՝ այս գործով Մեծ պալատ դիմելը և մինչ վերջ նաև Հունգարիայի պատասխանատվությանը հասնելը: Կյանքի իրավունքի խախտումն արձանագրվել է և արձանագրվել է, որ հակահայկական խտրականության հետ գործ ունենք, որն իրականացնում է Ադրբեջանը հայերի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ