«Երեկվանից համացանցում հայտնվել է տեսանյութ, որում քաղաքացի Դավիթ Աթանեսյանը տեղեկացնում է՝ Արաբկիր վարչական շրջանում ինչ-որ կին մանկահասակ երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն, սեռական դաստիարակության մանրամասներին վերաբերող գրքույկ է նվիրել»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, նա էլ ասել է, որ տեղեկատվության չի տիրապետում, իսկ տեղեկություն ունեցողները կարող են դիմել իրավապահներին:
«Դիմել ենք ոստիկանապետին, բայց դեռ պատասխան չունենք: Չենք կարող ձեռքներս ծալած նստել: Ինչ-որ անձ կամ կազմակերպություն սեռական դաստիարակության գրքեր է բաժանում, իսկ նախարարությունը տեղեկատվություն չունի: Դա պատճառ չէ, որպեսզի չհետաքրքրվես, թե գրականությունն ինչպես է հայտնվել այդ կնոջ ձեռքին, արդյոք կա՞ այն գրախանութներում եւ ի՞նչ խմբաքանակով»,-նշեց Իվետա Տոնոյանը:
Նա շեշտեց, որ ամբողջ քաղաքում տեսախցիկներ կան, եւ դժվար չէ հեղինակներին գտնել. «Այլապես այս միջադեպից բորբոքված ծնողների հաշվեհարդարի դեպքում հետեւանքներն ավելի ցավալի կարող են լինել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ