Aravot.am-ին տեղեկություններ են հասել, թե կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի ավելացման պատճառով Գյումրիի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին մտադրված են տեղափոխել մայրաքաղաք։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, նրանց ինչ-որ տեղ պարտադրում են աշխատել Երևանում, նույնիսկ ԱԱԾ-ի մակարդակով ճշտում են բժիշկների տվյալները։
Մենք այս տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանից։
Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ասաց․ «Անկեղծ ասած՝ մեզնից տեղեկատվություն ուզեցին մարզի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների վերաբերյալ․ այս պահին աշխատող, թոշակի անցած, ինչպես նաև աշխատանքից ազատված բժիշկների մասին։ Մենք տրամադրել ենք այդ տեղեկատվությունը, իսկ հետագա ընթացքից ես դեռևս տեղեկություն չունեմ, անհրաժեշտության դեպքում չի բացառվում, որ մեր մարզի մասնագետների կարիքն առաջանա ու նրանց ուղարկենք մայրաքաղաք»։
Մեր ճշտող հարցին՝ Շիրակի մարզը չի խեղճանա՞ այս դեպքում, Լեյլի Ասլանյանն ասաց․ «Կխեղճանանք, ռեանիմատոլոգն այն մասնագիտությունն է, որի կարիքը մեր մարզը միշտ ունեցել է։ Մենք մշտապես դիմել ենք նախարարություն, որպեսզի մարզ ուղեգրեն մասնագետներ»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գյումրի բժշկական կենտրոնի