Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ավագ որդին 2015թ. երկու բնակարան է գնել Նյու Յորքում՝ Մանհեթենում՝ ընդհանուր առմամբ վճարելով ավելի քան 4 միլիոն 200 հազար դոլար: Այս մասին հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ վերջին շրջանում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում բուռն քննարկվում է Մամեդյարովների ընտանիքի հարստությունը: Turan-ը դիմել է Նյու Յորքի իշխանություններին՝ նախարարի 31-ամյա որդու կարողության մասին ավելի հստակ տեղեկություններ ստանալու համար: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Էմին Մամեդյարովը 2015թ. հունիս-հուլիս ամիսներին 2 բնակարան է ձեռք բերել Մանհեթենի ամենաթանկ համալիրներից մեկում` Trump Place-ում:
Թե ինչպես է 31-ամյա երիտասարդը նման հարստություն կուտակել, պարզ չէ: Գործակալությունը փորձել կապ հաստատել կրտսեր Մամեդյարովի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն վերջինս անպատասխան է թողել լրագրողների զանգերն ու հարցումները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ