Ինչո՞ւ են իրենց բողոքը վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանին մակագրվելուց հետո ետ վերցրել, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը պարզաբանեց այսպես. «Ուզում եմ շատ հստակ ընդգծել հետեւյալ հանգամանքը: Այստեղ դատավորի անձը չի կարեւոր, մենք երբեք անձնավորված չենք նայում: Ուղղակի յուրաքանչյուր դատավոր նաեւ ունի իր կողմից դատական պրակտիկա, իր կողմից որոշումների կայացում: Եվ դրանով պայմանավորված՝ մենք պարտավոր ենք հետեւություններ անել:
Դանիելյան Արմենը ՀՀ վերաքննիչ ատյանի 18 դատավորներից այն բացառիկ դատավորն է, որը մեկ տարվա ընթացքում երկու անգամ Ռոբերտ Քոչարյանի անձնական երաշխավորության միջնորդությունները պետք է քննության առարկա դարձնի վերաքննիչ ատյանում: Եթե Հայաստանի Հանրապետությունում կա մեկը, որը սա կարող է դիտարկել պատահականություն, ես իսկապես կուզեմ այդ մարդու հետ խոսել, որ զուտ նաեւ ինքս հասկանամ՝ ո՞նց կար է դա լինել պատահականություն:
Ու մի հետաքրքիր հանգամանք. պարզ է չէ՞, որ մենք խոսում ենք մի դեպքում Արցախի Հանրապետության երկու նախագահների, այս դեպքում՝ չորս վարչապետերի մասին: Այսինքն, պատկերացրեք՝ մեր պետական կառավարման համակարգում, անձերը դնենք մի կողմ, վարչապետի պաշտոնն իրենից ինչ է ենթադրում: Եվ Աննա Դանիբեկյանի համար այդ չորս անձանց ներկայացրած միջնորդությունը դատական ակտում նույնիսկ չի էլ վերլուծվել: Դուք կարող եք կարդալ դատական ակտը: Այն թվացյալ ծավալուն է, բայց ընդամենը մեկ էջն է, որ վերաբերում է վերլուծությանը: Սա է մեր արդարադատության մակարդակը:
Բայց մի բան էլ ասեմ. բոլորի համար պարզ է, որ այդ միջնորդությունը պետք է բավարարվի, ոչ մի ուրիշ դատավորի չի մակագրվում, երբ Աննա Դանիբեկյանը երկու ամիս չի ներկայանում: Ամեն դեպքում սպասում են, մինչեւ Աննա Դանիբեկյանը գա, իսկ վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյանը: Արմեն Դանիելյանը արդարադատություն եւ դատարան Ռոբերտ Քոչարյանի գործով չի կարող իրականացնել»:
Կարդացեք նաև
Հարցին, թե Աննա Դանիբեկյանի պահով է՞լ պատահականություն լինել չէր կարող, փաստաբանը պատասխանեց. «Էլի, մեկը կա՞, որ դա համարում է պատահականություն, երբ խափանման միջոցը, որը պետք է անհապաղ քննվի, չեն մակագրում ուրիշ դատավորի, հատուկ սպասում են, որ Աննա Դանիբեկյանը գա եւ մերժի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ