Երեւանի ավագանու այսօրվա նիստում, երբ քննարկվում էր հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցը, բուռն ելույթներ եղան: Ավագանու անդամները մտահոգություններ հայտնեցին մայրաքաղաքում խիտ կառուցապատման, բազմահարկ շենքեր կառուցելու եւ բակային տարածքները գրավելու մասին:
Արդյոք կա հնարավորություն հանրային նշանակության, բայց սեփականաշնորհված տարածքները վերադարձնելու, այս հարցին քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց. «Այս պահին երկու տնտեսվարող կա, որոնք ունեն քաղաքի այգիներում սեփական տարածք: Այդ մարդիկ ասում են՝ ասեք՝ ի՞նչ անենք, էս մեր տարածքն է, ուզում ենք շինարարություն անենք: Ասում ենք՝ չէ, չի լինի շինարարություն: Ասում է՝ բա լավ, ի՞նչ անենք: Փոխանակում է առաջարկվում, փոխանակման լավ տարբերակ էլ չկա, որովհետեւ նորմալ հողակտոր էլ չի մնացել, որ այս մարդկանց հետ փոխանակենք»:
Մարությանը դիմելով ավագանու անդամներին` ասաց. «Եթե կա մտահոգություն եւ ցանկություն օգնելու համայնքին, դրամահավաք կազմակերպեք, գնանք խոսենք այդ տնտեսվարողի հետ, գնահատենք հողը: Ավագանին թող դրամահավաք կազմակերպի, որովհետեւ համայնքն այդ գումարը չունի, գումարը տանք: Կստացվի, որ ավագանին գումարը տվեց տնտեսվարողին եւ փրկեց տարածքը: Սա է իմ առաջարկը ձեր ելույթից հետո»:
Դահլիճից առաջարկ հնչեց՝ պարզել՝ արդյոք ապօրինի է ձեռք բերվել այդ հողատարածքը: Քաղաքապետն արձագանքեց՝ դա այլ մարմինների տիրույթում է, բայց այս երկու տնտեսվարողներից մեկը բարեխիղճ է. «Մեկը կա, երբ այդ հողը իրենն էր, այդտեղ դեռ այգի չկար: Նա չէր ապրում Հայաստանում երկար ժամանակ: Հետո, թե՞ քաղաքային իշխանությունները, թե՞ թաղապետարանը, չգիտեմ, որոշել է, որ այգի պետք է դառնա, լավ է արել: Այս մարդը մի 15 տարի հետո հետ է եկել, տեսել է իր հողատարածքը այգի է դարձել: Հիմա չգիտի ի՞նչ անել: Բավականին հետաքրքիր պատմություններ կան: Մի օր եթե երեկո կազմակերպենք, կարող եմ ձեզ բոլորը ձեզ տրամադրել»:
Կարդացեք նաև
Հարցը ընդունվեց, դեմ քվեարկող չկար, ձեռնպահ քվեարկեցին ավագանու վեց անդամներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ