Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում անդրադարձավ նաև Արցախում կադրային նշանակումներին։ Նա ասաց, որ այսօր սպասվում են նշանակումներ, և մի քանի օրերի ընթացքում կփորձի կատարել բոլոր նշանակումները։
«Ուզում եմ ձեզ վստահեցնել՝ անկախ նրանից, թե ո՞ւմ ենք նշանակում, սկզբունքը մեկն է՝ պետք է արդարացնել։ Եվ չեմ կաշկանդվելու օրեր, ամիսներ, շաբաթներ հետո ազատվել այդ կադրերից, որոնք չեն կատարում իրենց պարտականությունները»,- ասաց նա՝ նշելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների համար աշխատանքը սկսվում է ժամը 9-ից և արգելվելու է շռայլություններից օգտվել։ Եվ խնդրեց նրանց, ովքեր նշանակվելու են որպես կառավարության անդամներ, նկատի ունենան, և եթե համաձայն չեն, հրաժարվեն պաշտոնից։
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ հասկանում է, որ ոչ մի նշանակում միանշանակ չի ընդունվելու. «Բայց այսօրվանից պահանջը այդպիսինն է լինելու՝ պետք է հարգվեք կոլեկտիվի կողմից, ժողովրդի կողմից և բոլորի աշխատանքում հաշվետվողականությունը պետք է լինի գլխավոր պայմաններից մեկը՝ հասարակությանը, կոլեկտիվին, և ամենակարևորը՝ մեր խղճին»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ