Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ջուլֆալակյանի ուշագրավ ճեպազրույցը՝ Գոգյանի թեմայով դռնփակ նիստի մասին. «Դա չեղավ ոլորտի կառավարում, դա եղավ անձնական հետաքրքրություններով առաջնորդվել»

Մայիս 26,2020 16:32

Երեկ ԱԺ-ում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի, նրա հայտարարության թեմայով նիստը դռնփակ անցկացվեց՝ թեեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նախապես հաղորդել էր, որ նիստն ուղիղ հեռարձակում է ունենալու:

Հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որը մասնակցել էր դռնփակ նիստին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իհարկե, կուզենար, որ նիստն անցկացվեր դռնբաց ու հանրությանը հուզող պատասխանները մարդիկ իմանային. «Ընթացքում պարոն փոխնախարարն իր ելույթի մեջ այնպիսի հարցեր շոշափեց սպորտի մասին, որ չեմ կարող չանդրադառնալ, դրանք փակ էլ չեն: Խոսվեց աշխատանքի թափանցիկության մասին: Սպորտը համակարգում է կես տարուց ավելի եւ ոչ մի անգամ մամուլի ասուլիս չէր տվել: Պետք է հաշվետվողականություն լինի ու եթե չկա ասուլիս, պարզ է, որ կա զրո հաշվետվողականություն»:

Հիշեցնենք, որ խոսքը ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի մասին է: Ջուլֆալակյանն ասաց, որ սկզբում խոսում էին միայն գրագողության թեմայի մասին, բայց այնպես ստացվեց, որ Թամրազյանն ինքը շոշափեց այն թեման, թե այ, տեսեք, ինձ մարզիկներն են աջակցել, ռեկտորներն են աջակցել, ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարները. «Ստիպված բնականաբար պետք է ծավալվեիր: Իմ պատասխանը դրան որն էր՝ ի՞նչ կապ ունի մարզաշխարհը հնչեցված մեղադրանքների հետ, որ սատարում են ձեզ, պարո՛ն փոխնախարար: Եթե, օրինակ, ես ելնեմ, բարձրաձայնեմ սպորտում եղած խնդիրները, ցածր գնահատական տամ պարոն փոխնախարարի աշխատանքին ու այդ ժամանակ մարզաշխարհը աջակցի, նորմալ կգնահատվի: Բայց երբ խոսում ենք կրթության եւ գիտության մասին, ատենախոսության, ենթադրյալ հովանավորչության մասին ու գիտությանը վերաբերող խնդիրներից ու մարզիկներն են արտահայտվում, իհարկե, կապը ես չեմ տեսնում: Ես իրեն հարց ուղղեցի: Նա ասաց, որ ամեն ինչ եղել է սպոնտան, մարզիկներն իրենք են որոշել: Ինձ հավատալ-չհավատալու հարց չկար, ես իմ կարծիքն ունեմ, ուզում էի իր կարծիքը լսեի, թե ինչպես ստացվեց, որ ռեկտորներն ու մարզիկները միանգամից որոշեցին այդպիսի բան անել: Հանրությունը թող որոշի, իմ հավատալու հարցը չի»:

Հարցին՝ դուք տպավորություն ստացա՞ք, որ ԿԳՄՍՆ-ում անառողջ իրավիճակ է ու ինչպես Գոգյանն էր վստահեցնում, փոխնախարարը հովանավորչություն է անում՝ Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ես պարոն փոխնախարարի հայտարարությունից տարբեր տպավորություն ստացա, որից մեկն այն էր, որ բացարձակ այլ իրականությունում ենք գտնվում գոնե սպորտի մասով: Նա նշեց, որ COVD-ով պայմանավորված՝ մարզաշխարհում գրեթե հարց չկա, բոլոր հարցերը լուծված են ու միանգամից, որպես հակադարձում՝ նշեցի հենց մեր հանձնաժողովի կողմից կազմակերպված ուրբաթ օրվա աշխատանքային քննարկումը, որտեղ հենց մարզաշխարհի ներկայացուցիչներն են խոսել: Նշեցինք, որ տեսագրությունը մի հատ էլ նայեն ու հասկանան՝ այն խնդիրները, ինչը նա նշում է, որ լուծել են, լուծվա՞ծ են»:

Ջուլֆալակյանն ասաց, որ երեկ բոլոր խնդիրների հարցով դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ու պարետատանը: Նա ասաց, որ պրոֆեսիոնալ մարզիկները գնում են մարզվելու՝ մարզադահլիճները փակ են, այս հարցերը պետք է հստակեցվեն:

Խոսելով կրկին Թամրազյանի մասին՝ Արսեն Ջուլֆալակյանն ասաց. «Ես գտնում եմ, որ ոլորտում հարցերը լուծվում են համակարգային ձեւով, ոչ թե անձերի: Երբ անձը տարբերակ ունի քո հեռախոսահամարը գտնել կամ տարբերակ ունի քեզ անձամբ մոտենալ ու դու, ըստ քո հայեցողության, ըստ քո ճաշակի հարցին լուծում ես տալիս, օրինակ, գտնում ես, որ կարելի է այս մեկի հարցը լուծել, այն մեկինը՝ ոչ՝ դա չեղավ ոլորտի կառավարում, դա եղավ անձնական հետաքրքրություններով առաջնորդվել»:

Ջուլֆալակյան ասաց, որ փակ նիստի ժամանակ փոխնախարարը հերքել է, որ տղայական ռազբորկայի է կանչել Գոգյանին, բայց եթե պարզվի, որ եղել է նման բան, պետք է պատժվի. «Նշվել է, որ հանդիպել է»:

Պատգամավորը հորդորեց փոխնախարարին գտնել ու այդ հարցերն ուղղել. «Մի՞թե այդքան անձեռնմխելի անձ է փոխնախարարը, որ այս ընթացքում ասուլիս չի տվել: Գնացեք ԿԳՄՍ նախարարություն, գրավոր դիմումով դիմեք նախարարին ու ասեք՝ ի՞նչն է պատճառը, որ այս մի փոխնախարարը մի տարի է՝ ոչ մի ասուլիս չի տալիս իր համակարգած ոլորտներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031