Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիներից մեկը 180 հազար դրամ վարկ է վերցրել, բայց մի քանի ամիսների ընթացքում վճարել է 600 հազար դրամից ավելի տոկոս». Մանուել Մանուկյան

Մայիս 26,2020 16:29

«Հարգելի՛ պատգամավորներ, ինչպիսի՞ փաստեր էլ ձեզ ներկայացնենք՝ լայվերով, մարդկանց դեմքերով: Եկեք միասին գնանք փողոցներ, տեսեք, թե ինչ խնդիրներ ունեն քաղաքացիները: Մեզ հազարներով դիմում են»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը:

Նա նշեց, որ հազարավոր քաղաքացիներ թալանվում են բանկերի կողմից ու մի օրինակ բերեց. «Քաղաքացիներից մեկը մեզ դիմել է և նշել, որ 180 հազար դրամ գումար վարկ է վերցրել, բայց մի քանի ամիսների ընթացքում վճարել է վեց հարյուր հազար դրամից ավելի տոկոս, դեռ հարյուր հազար դրամ էլ պարտք է մնացել: Եթե մարդուց էդքան գումար էր խլվել, դա թալան է»:

Մանուել Մանուկյանն ասաց, որ իրենց պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև նման հարցերին խորամիտ լուծում տրվի: Նա զգուշացրեց՝ որևէ մեկը թող իրենց չմեղադրի, թե ինչու եք պայքարում, քանի որ ամեն օր, գիշեր մարդկանց զանգում, հոգեբանական ճնշում են գործադրում: Ասաց, որ պետք լինի, դուրս կգան փողոց, հրապարակ:

Մանուել Մանուկյանը բանկային մանիպուլյացիաների մի քանի օրինակ բերեց: Օրինակ՝ առևտրային բանկերը ավտոշուկայի ակտիվացման պարագայում ավտովարկավորման պրոդուկտ չունեն, կամ ունեն այնպիսի դժվար պայմաններով, որ մինչև մեկ ամիս տևում է: Բայց երբ քաղաքացիները գնում են ունիվերսալ վարկային կազմակերպություն, միևնույն օրը գնահատում են և տրամադրում գումար:

Մանուել Մանուկյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ հրատապ խնդիրներից է ԱՐՔԱ համակարգի թարմացումը, տոկոսների խելամտությունը, արտակարգ դրության պայմաններում այն վարկային կազմակերպությունները, որոնք ճնշել ու խեղճացրել են և գումար ուզել քաղաքացիներից, այդ բոլոր վարկային կազմակերպությունները և բանկերը պետք է փակվեն, քանի որ ժողովրդի թիկունքից հարված են հասցրել: Նա վստահեցրեց՝ ձայնագրություններ, փաստեր ունեն:

«Իրավունքի սահման» իրավապաշտպան ընկերության տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ բոլոր այս խնդիրների մասին գրություն են ուղարկել վարչապետին, բայց դեռ պատասխան չեն ստացել և շարունակեց. «Այսօր բանկային համակարգը կառավարման առումով ունի մեծ խնդիրներ: ԱԺ-ի մեր պատգամավորներին կոչ եմ անում ականջալուր լինել շարքային մարդկանց վարկային խնդիրներին, որոնք իրենց տվել են մանդատ, որ իրենց շահերը ներկայացնեն օրենսդիր մարմնում: Մինչդեռ, ցավոք, հատուկենտ պատգամավորներ են անդրադառնում այս խնդրին»:

Նա մտահոգություն հայտնեց, որ հիմա էլ առաջացել են միջնորդ կազմակերպություններ, որոնք ծառայություններ են առաջարկում, թե կարող ենք միջնորդել, որ թեև սև ցուցակում եք, բայց Ձեզ վարկ տան:

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Արտակ Մարգարյանն էլ ասաց. «Պահանջս թող ուրիշ կերպ չընկալվի, ուղղակի հետևողական եղեք. դա զուտ մարդկային տեսակետով եմ ասում: Մենք չունենք ոչ մի բողոք ոչ մի իշխանության, կառուցվածքի դեմ, մենք պահանջում ենք ճիշտ մոտեցում ցույց տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031