Այսօր Երեւանի ավագանու նիստում, երբ քննարկվում էր օրակարգում ընդգրկված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու հարցը, հարց հնչեց՝ արդյոք նշանակությունը փոխելով՝ հետագայում տարածքում շինթույլտվություն է տրվելու: Ավագանու անդամները մտահոգություն հայտնեցին՝ այսօր նորակառույցները զավթում են տարածքներ, ինչի արդյունքում երեխաների խաղահրապարակի համար տեղ չի մնում:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ այս խնդրի վերաբերյալ ասաց՝ կողմ է քվեարկել Կոմիտաս 59 հասցեի տարածքում հողի նշանակությունը փոխելու համար, մտածելով՝ այդտեղ գործարան չի կարող լինել. «Բայց ես պատկերացում չունեի, որ այդտեղ 3 բարձրահարկ շենք են նախատեսում կառուցել: Կարծում եմ՝ սա վերջնական չէ, որովհետեւ դեռ ոչ բոլոր փուլերով է անցել: Այստեղ խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիների ակնկալիքներն ու դժգոհությունները ուղղում են ավագանուն, բայց արդյոք ավագանին կարող է որոշել, թե ինչ գույնի պետք է լինի շենքը: Չի կարող որոշել: Արդյոք ավագանու անդամը կարող է որոշել՝ այս շենքը կառուցվի, թե ոչ: Միայն կարող է չփոխել հողի նշանակությունը, բայց այդ դեպքում կարող ենք ստանալ ամայի տարածքներ: Գործադիրն էլ շատ հաճախ չի կարող մերժել, որովհետեւ գոյություն ունեն չափանիշներ եւ եթե չափանիշներին համապատասխանում է, գործադիրի մերժումը կարող է սուբյեկտիվություն լինել»:
Աբգարյանն օրինակ բերեց Արաբկիր համայնքը՝ նկատելով. «Այդքան բարձրահարկեր են ավելացնում, բնակչությունն ավելանում է եւ վաղը դուք էլ եք մնալու խցանման մեջ: Դուք էլ տրանսպորտ չեք ունենալու»:
Իզաբելլա Աբգարյանը նշեց՝ մանկապարտեզներ ընդունվելու համար ծնողներն ու երեխաներն երկար ժամանակ իրենց հերթին են սպասում, այդ հերթերը կավելանան, քանի որ մանկապարտեզներ չեն կառուցվում, փոխարենը բարձրահարկեր են կառուցվում:
Կարդացեք նաև
«Եթե երեք բարձրահարկ շենք եք կառուցում, բարի եղեք կողքը մանկապարտեզ կառուցեք, որպեսզի այդ շենքերի երեխաները տեղ ունենան գնալու: Վաղը այդ շենքերի երեխաներն էլ չեն իմանալու որտեղ գնան մանկապարտեզ, հետո մեզ են դիմելու: Ես դեպքով եմ զբաղվել, երբ Արաբկիրի բնակիչները դիմել էին, որ երեխաները խաղալու բակ չունեն, այդտեղ մի սանտիմետր չկա, որ բակ կառուցենք, իսկ դիմացի նորակառույցը պարսպապատել է տարածքը եւ չի թողնում, որ դիմացի շենքի երեխաները բակ մտնեն ու խաղան: Սա աղետ է ինձ համար, որովհետեւ համայնքը պետք է միասնական լինի, չպետք է ասի՝ այս սարն իմն է, այս քարն իմն է»,-ասաց Աբգարյանը:
Նա Արաբկիրում կառուցապատել ցանկացողներին կոչ արեց Կորեայի ձորում կամ Քանաքեռ ՀԷԿ-ում, որտեղ կան ամայի տարածքներ, այդտեղ կառուցապատում իրականացնեն, այդպիսով նաեւ իրենց ձեռագիրը թողնեն քաղաքում. «Այսօր ես կրկին փոխում եմ հողի նշանակություն, բայց ամեն նման փոփոխություն, ամեն սկսվող շինարարություն ինձ մոտ տագնապ է առաջացնում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ