«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԺ այսօրվա նիստում կարեւորեց պատգամավորի հնչեցրած խոսքի համար պատասխանատվության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը: «Եթե պատգամավորն ամբիոնի մոտ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում, ինչը միջազգային հարթակներում ՀՀ վարկանիշի համար կարող է հետեւանք ունենալ կամ հանրության շրջանում սխալ տեղեկություն տարածել, կարծում եմ՝ տվյալ մարդը պետք է կրի պատասխանատվություն, թեեւ այս պահին նման պատասխանատվություն չկա»,-համոզմունք հայտնեց Վաղարշակ Հակոբյանը:
Հիշեցնենք՝ այսօր որոշ հայտարարությունների համար քննադատվել էր ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Վաղարշակ Հակոբյանը շեշտեց, որ իր ասածը պատգամավորի խոսքի ազատությունը սահմանափակելուն չի վերաբերում. «Օրինակ, մենք ունենք գործընկեր, որը հոգեխանգարմունքի տարբեր իրավիճակներում գտնվելով՝ սոցցանցում վիրավորական արտահայտություններ է անում մեկ այլ գործչի հանդեպ, եւ այդ ամենը մնում է անպատասխան: Երբ այս ԱԺ-ն նոր էր սկսել աշխատանքը, այս ամբիոնի մոտ էինք տեսնում նման պահվածք, հետո, չգիտեմ ում ջանքերով, իրավիճակը որոշակիորեն փոփոխվեց, բայց տվյալ անձն իր էմոցիաներն արտահայտելով սոցցանցերում՝ որոշակի աժիոտաժ է առաջացնում եւ դրա համար որեւէ պատասխանատվություն չի կրում»:
Ըստ Հակոբյանի՝ եթե նման դեպքերում պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ չգտնվի, պատասխանատվության պետք է ենթարկվի ողջ քաղաքական թիմը. «Չի կարելի մարդուն քաղաքական տեսակետների համար վիրավորել, հետո շրջել այնպես, կարծես ոչինչ չի եղել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ