Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ը հույս է հայտնում, որ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը և միջազգային հանրության տարբեր քայլեր կանխարգելիչ ազդեցություն կունենան Ադրբեջանում հայատյացության տարածման ու դրա հիման վրա նորանոր հանցագործությունների իրականացման ուղղությամբ

Մայիս 26,2020 16:23

Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հյուրանոցում քնած վիճակում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների, ինչպես նաև մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից՝ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ՝ 2013 թվականին ՄԻԵԴ ներկայացված անհատական գանգատներով կայացված որոշումը:

Որոշմամբ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա ներումը, ըստ էության` արդարացումը և հերոսացումը ճանաչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (Կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքների խախտում:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է այդ որոշումը և արձանագրում, որ 2004թ. Հունգարիայում տեղի ունեցած հանցագործությունը և 2012թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից հանցագործի ներումն ու փաստացի հերոսացումը Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող հայատյաց քաղաքականության ցցուն դրսևորում էր, որը տասնամյակներ շարունակ արտահայտվում է բոլոր հնարավոր բնագավառներում: 2004 թվականից հետո հայատյացությունը Ադրբեջանում առավել կազմակերպված բնույթ է կրում, և մարդասպան Սաֆարովի վարքը ադրբեջանական պետական քարոզչության և հենց մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ներկայացվում է որպես «լավագույն օրինակ»: Նման դրսևորումների շարունակում ենք ականատես լինել անընդհատ՝ պաշտոնական քաղաքականության մեջ, հասարակական կյանքում և ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներում: Հայատյացության քաղաքականությունն առավել ծանր հետևանքներ ունեցավ 2016թ.ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում՝ հայ զինծառայողների և քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների տեսքով, որոնց վերաբերյալ Պաշտպանը 2016թ. դեկտեմբերին հրապարակել է հատուկ զեկույց: Իսկ Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության դրսևորումների մշտադիտարկման արդյունքները ամփոփվեցին 2018թ. սեպտեմբերին հրապարակված «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցում:

ՄԻԵԴ տվյալ որոշման և հայատյացության շարունակվող քաղաքականության համատեքստում առավել ընդգծված ու մտահոգիչ են դառնում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտման դեպքերը, որոնք առ այսօր շարունակվում են Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հանդեպ:

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության բնակչությունը հայատյացության քաղաքականության առաջնային թիրախն է և իր վրա շարունակաբար զգում է դրա բացասական հետևանքները՝ Պաշտպանը հույս է հայտնում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս որոշումը և միջազգային հանրության հետևողական տարբեր քայլեր կանխարգելիչ ազդեցություն կունենան Ադրբեջանում հայատյացության տարածման ու դրա հիման վրա նորանոր հանցագործությունների իրականացման ուղղությամբ: Այդ առումով խիստ ցանկալի է, որ յուրաքանչյուր դեպք պատշաճ իրավական ու քաղաքական գնահատական ստանա միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանում առանցքային դերակատարում ունեցող պետությունների կողմից:

Արցախի ՄԻՊ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031