Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվում է «Ընտրական օրենսգրքում» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ըստ այս փաթեթի՝ մինչեւ 4000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքներում ՏԻՄ մարմինները կընտրվեն համամասնական ընտրակարգով, որին մասնակցելու են քաղաքական կուսակցությունները եւ դաշինքները. «Ինչո՞ւ է սա կարեւոր: Կուսակցություններն այլեւս իրենց էլեկտորատն ամբողջությամբ կարողանալու են իրացնել՝ հինգ տարի շարունակ աշխատելով ավագանիում: Նախկինում եղել են դեպքեր, երբ մեծամասնական համակարգով ընտրված համայնքապետերը շատ դեպքերում մի քանի ձայնով պարտություն էին կրում եւ հինգ տարով դուրս մղվում տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց: Իսկ այս օրինագիծը երաշխավորում է, որ տվյալ համայնքում կլինի առողջ քաղաքական գործունեություն»:
Նախարարը հավելեց՝ օրինագծով առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4%՝ գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6%, գործող ութի փոխարեն. «Սա ապահովելու է ներառականություն, եւ շատ քաղաքական ուժեր հնարավորություն կունենան ընդգրկված լինելու ՏԻՄ մարմիններում եւ համայնքի կյանքում»:
Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ շեշտեց, որ այս օրինագծերի փաթեթը կառավարությունը մշակել է ԱԺ երեք խմբակցությունների հետ համատեղ, ինչը շատ դրական օրինակ է: Նշենք, որ ըստ օրինագծի՝ մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում ընտրակարգը մնալու է նույնը՝ մեծամասնական:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ