Արայիկ Հարությունյանը՝ որպես Արցախի Հանրապետության նախագահ առաջին անգամ ուղիղ եթերում էր։ Նա անդրադարձավ քաղաքական ուժերի և գործիչների հետ իր բանակցություններին։
«Քաղաքական մեր ամենամեծ ձեռքբերումը «Միասնական հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք հանրության դատին»,- ասաց նա` առանձնացնելով նաև Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ բանակցությունները։
Արայիկ Հարությունյանը կոչ արեց մյուս քաղաքական գործիչներին չպիտակավորել ազգի ապագայի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերած համաձայնությունը. «Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել։ Այդ բառերն օգտագործողներն են ծախվողները։ Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ մենք առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ։ Ճակատագրական ժամանակահատված ենք ապրում, սիրելի հայրենակիցներ։ Եվ այս առումով՝ պաշտոնով չենք մենք մեր առաքելությունը իրականացնելու։ Եվ այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, որոնք որ ստացել են հանրության վստահության քվե իրենց մասնաբաժնով մասնակցելու են։ Մի մտահոգվեք, ոչ մեկին չեն առել, ոչ մեկը չի ծախվել։ Այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում վաղուց ապացուցել են, որ ոչ առնում են, ոչ ծախում են, եթե այդ կենսագրությունը, այդ բնութագիրը ունենային, նրանք այստեղ չէին լինի»։
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քաղաքական պայքարի արդյունքում ձևավորվել է քաղաքական նոր դաշտ, և այդ դաշտում խաղացողների հիմնական նպատակը Արցախի ապագան է. «Մենք փորձում ենք միասնության, համերաշխության ընդհանուր օրակարգի շրջանակներում համագործակցել։ Համագործակցելու ենք բոլորի հետ անխտիր։ Ինչպես երդմնակալության օրն եմ նշել՝ ձեռքս պարզած է բոլորի համար, այդ թվում՝ այդ ոչ վայել արտահայտություններ անողների առաջ, նրանց էլ եմ ձեռք մեկնում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ