Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքը ճամփորդական խորհուրդների մասին էր. Գերմանիայի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի արել

Մայիս 26,2020 15:23

Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Եվրոպական միությունում Հայաստանի առանցքային գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որն աչքի է ընկնում ոչ հայանպաստ ձևակերպումներով:

Պատգամավորի խոսքերով՝ Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել՝ «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»:

Հայտնում ենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի տարածվել։

Խոսքն այստեղ գնում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում ճամփորդական խորհուրդների մասին, որտեղ նմանօրինակ խորհրդատվություններ առկա են եղել տարիներ, նույնիսկ՝ տասնամյակներ շարունակ։

Վերջին թարմացումը կատարվել է 2020 թվականի մայիսի 26-ին։ Այն վերաբերում է COVID-19-ի հետևանքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը և առկա սահմանափակումներին։

2017թ. նոյեմբերի 23-ից մինչև 2020թ. մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում տվյալ տեղեկատվությունը թարմացվել է 97 անգամ: Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում առկա արխիվային տեղեկատվություններում կարող եք տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակված հայտարարությունն ամենևին էլ նոր չէ՝ 2017թ. նոյեմբերի 23, 2017թ. դեկտեմբերի 24, 2018թ. մարտի 27։

Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ դեռևս 2017թ. ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կողմից ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունում երկարատև բանակցությունների արդյունքում ԱԳՆ պաշտոնական կայքից հանվել էր ոչ հայանպաստ ձևակերպում՝ «ադրբեջանական օկուպացված տարածքներ»-ը փոխարինելով կոմպրոմիսային «Լեռնային Ղարաբաղ կամ հայկական զինուժի կողմից գրավված հարակից շրջաններ» արտահայտությամբ: Ընդ որում, նշվում է «հայկական զինուժ», այլ ոչ «Հայաստանի Հանրապետության» (ինչպես նախկինում էր):

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031