Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայն չեմ ձեր այն ձեւակերպման հետ, որ ինչ-որ խնջույքի ենք մասնակցել, ինչ-որ խնջույք չէր դա». Մակունցը ներողություն է խնդրում՝ դիմակ չկրելու համար

Մայիս 26,2020 15:03

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված դիմակների կրումը, ի՞նչ է փոխվել, որ իմքայլականները դիմակների քարոզչություն են իրականացնում՝ պատասխանեց, որ առաջին հերթին պայմանավորված է պարետատան ցուցումներով ու վիճակագրությամբ, հետազոտությունների արդյունքներով: Ըստ նրա, թվերի առկայությունը խոսում է այն մասին, որ իրենք բոլորը, անկախ նրանից՝ իրենց համարում են համավարակակիր, թե ոչ՝ պետք է ամեն ինչ անեն՝ վարակը կանխելու համար: Իսկ առողջապահության նախարարության տվյալներով՝ դիմակն ունի կանխարգելիչ բնույթ:

Հարցին՝ քննադատում են իշխանություններին, որ եթե համավարակի նկատմամբ ավելի լուրջ մոտեցում լիներ, գուցե այս իրավիճակը չլիներ, ընդդիմությունն էլ գտնում է, որ ձախողել եք համավարակի դեմ պայքարը՝ Մակունցը պատասխանեց. «Ձախողել-հաջողելու մասին շատ վաղ է խոսել, որովհետեւ կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում ու ձախողելու մասին խոսելը տեղին չէ: Մենք հնարավորինս պետք է անենք առավելագույնը, որպեսզի վարակի թվերը նվազեն ու տարածումը հնարավորինս նվազեցնենք, կարողանանք հաջողությամբ հաղթահարել»:

Ըստ Մակունցի, նման իրավիճակում իշխանություն-ընդդիմություն չպետք է լինի, բոլոր քաղաքացիները, անկախ քաղաքական օրակարգից ու քաղաքական հայացքներից պետք է ամեն ինչ անեն, որ վարակը հաղթահարեն:

Արարատ Միրզոյանը նկատողություն էր արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ դիմակ չկրելու համար: Մարուքյանն էլ հայտարարեց, որ դա հակասահմանադրական է, դիմակի համար պատգամավորին չեն կարող ոչ նկատողություն անել, ոչ էլ դահլիճից դուրս հրավիրել: Մակունցի խոսքով՝ այս պահին չարժե խորանալ, թե օրենքի տառն ինչ է ասում, որովհետեւ եթե պատգամավորները կարող են իրենց վարքագծով օրինակ ծառայել քաղաքացիների համար ու չվտանգել գործընկերների, ԱԺ աշխատակազմի կյանքը, պետք է դա ձեռնարկել: ԱԺ նախագահի խիստ միջոցների կիրառումը, ըստ նրա, դրանով է պայմանավորված: Լրագրողները հիշեցրին, որ Ղարաբաղում առանց դիմակների իշխանության ներկայացուցիչները քեֆ էին անում՝ Մակունցը պատասխանեց. «Համաձայն չեմ ձեր այն ձեւակերպման հետ, որ ինչ-որ խնջույքի ենք մասնակցել, ինչ-որ խնջույք չէր դա, Արցախի հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունն էր, ձեր ձեւակերպումներում հարգալից պետք է գտնվենք ԱՀ իշխանությունների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է իրենց դիմակ չունենալուն՝ Մակունցն ասաց, որ վկայակոչելու է Արցախում գոյություն ունեցող իրավական ռեժիմը, պետությունները տարբեր են. «Մենք ընդունել ենք, որ, այնուամենայնիվ, այո, արժեր, որ դիմակներ կրեինք, ինչի համար ես հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը: Դա որեւէ կերպ չի փոխում ՀՀ-ում գոյություն ունեցող վիճակը»:

Aravot.am-ը հարցրեց՝ ինչքանով էր ճիշտ, որ Նիկոլ Փաշինյանը հանրության հույսին էր թողել համավարակի դեմ միջոցներ ձեռնարկելը ու հանրությանն էր ինչ-որ տեղ մեղադրում ոչ պատասխանատու պահվածքի համար՝ Մակունցը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում բոլոր երկրների ղեկավարները կոչ են անում անհատական ու սոցիալական պատասխանատվություն դրսեւորել, յուրաքանչյուրի գործողություններից է կախված համավարակի կանխումը ու այդ գիտակցումը տարածելը չի նշանակում, թե նա պատասխանատվությունը գցում է ուրիշների վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031