Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստում անդրադարձավ մրցույթների խնդրին:
Նա նշեց՝ այս ընթացքում բազմաթիվ շինարարություններ կանգնած են տեխհսկողություն չիրականացնելու պատճառով:
Խաժակյանի խոսքով. «Ամեն անգամ, երբ այս ամբիոնից քննարկում ենք, թե ինչ խնդիրներ կան շինարարությունների հետ կապված, ելույթներ են հնչում, որ մենք ամեն ինչ հասցրել ենք, ժամանակին արել ենք, Գնումների օրենքը, օրենսդրությունն այնքան վատմ է, որ ընթացքը նորմալ չի լինում։ Փաստորեն, ինչպես հայտնի արտահայտությունն է ասում՝ կառավարությունն ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տվեց հանեց։ Եվ մենք ունենք մի իրավիճակ, երբ տեխնիկական հսկողություն իրականացնողներից, նաեւ շինարարներից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, եւ փաստորեն այս գնումները կանգնում են, շինարարությունը կանգնում է, եւ չեն ներկայացվում համապատասխան երաշխիքները: Մենք այս 1,5 տարիների ընթացքում անընդհատ խոսում էինք, որ քաղաքապետարանը պատրաստվում է առաջարկություններ անել կառավարությանը, Ազգային ժողովին, որպեսզի այս օրենքը բարեփոխվի։ Ուզում եմ հասկանալ, եթե սա ձեր պատկերացրած բարեփոխումն է, կամ ձեր պատկերացրածը չէ, բայց քաղաքապետարանը չի առարկել այս փոփոխություններին, ինչպե՞ս ենք այս իրավիճակը պատկերացնում, երբ մասնակցում են մրցույթներին, այդ թվում՝ դեպքեր, երբ միակ մասնակցողն է լինում՝ բանկային կեղծ երաշխիքով։ Մենք գնացել ենք ավելի մեծ մոնոպոլիզացիայի, քան եղել է նախկինում, որովհետեւ մենք շինարարներից, տեխհսկողություն իրականացնողներից պահանջում ենք այնպիսի ծավալի բանկային երաշխիք, որը կարող են ապահովել գլխավորապես խոշոր կազմակերպությունները։ Ես կարծում եմ, պարոն քաղաքապետ, սա առաջին հերթին ձեզ պետք է մտահոգեր, այն ժամանակ, երբ կառավարությունն այդ որոշումն ընդունում էր, որովհետեւ հայեցողության դաշտը շատ մեծ է: Եվ ես անընդհատ հիշում եմ այս վերջին աղբամանների հետ կապված մրցույթների դեպքը՝ ունենք երկու տարբեր մատակարարներ, երկուսը բերել են նույն ստանդարտի կոնտեյներները: Մեկից ընդունել եք խմբաքանակը, մյուսից չեք ընդունել: Բնականաբար, երբ բանկային երաշխիքի գործոնը կա, մարդիկ կմտածեն՝ իրենց բերածը դուք կարող եք կամայական պատճառով չընդունել եւ իրենք վախենան, որ իրենց տված հարյուր տոկոսանոց բանկային այդ երաշխիքը քաղաքապետարանն ինչ-որ կերպ կկարողանա հետ ստանալ: Ես կարծում եմ, որ սրանք խնդրահարույց որոշումներ են, եւ դուք պետք է վերանայեք»:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Որքան էլ զարմանալի չէ, համաձայն եմ ձեզ հետ, բայց սկսենք վերջից՝ աղբամանների մասով՝ բոլոր մասնակիցներին առաջարկվել է նույն պայմանը, որ իրենք պետք է անցնեն փորձաքննություն: Հիմա մեկը բերել է փորձաքննության եզրակացությունը, մյուսը՝ ոչ, եղբայր, էլ ի՞նչ անենք: Եթե համապատասխանում է մեր տված բնութագրին, ընդունում ենք, եթե՝ ոչ, կներեք, ուզում է երաշխիք լինի, չեն ընդունելու»:
Ինչ վերաբերում է գնումների օրենսդրությանը, ապա քաղաքապետն ասաց՝ քաղաքապետարանը կողմ չի եղել այդ կարգավորմանը, առաջարկություն են արել. «Սակայն, ցավոք սրտի, մեր առաջարկությունը չի ընդունվել եւ այսօր ունենք այս խնդիրը։ Մեր առաջարկությունն է եղել՝ մինչեւ 100% լինի եւ ամեն մրցույթի համար կարգավորի հանձնաժողովը, որովհետեւ մրցույթները, գները, պատասխանատվությունը տարբեր են եւ ամեն տեղ այդ տոկոսայնությունը կարող է լողացող լինել, որպեսզի, այո, չմոնոպոլիզացվի, եւ ամենաբարդ իրավիճակն այսօր այն է, որ մասնակից չկա: Այսինքն, մենք ունեինք մի ժամանակաշրջան, որ մասնակցությունը տեղի էր ունենում, այսպես ասեմ՝ մաֆիայի ասեմ, չգիտեմ, իրենց մի շրջապատի մարդկանցով, իրենք էլ բնութագիրը բերում էին, իրենք էլ մասնակցում ու հաղթում էին, ամեն ինչ նախօրոք կանխորոշված էր, եւ եթե մեկ ուրիշն էր ուզում մտներ՝ չէին թողնում: Հիմա հակառակն է՝ բաց է, արդար, թափանցիկ, բայց պայմաններն էլ այպիսին են, որ ամեն մեկը չի կարող գա մասնակցի, բայց սա նորմալ է, պիտի մասնակցեն նրանք, որոնք ոլորտին տիրապետում են, բայց ֆինանսական բեռն այնպիսին լինի, որ կարողանան իրենց վրա վերցնեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ