Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարարը չի բացառում՝ ԵՊՀ-ն շուտով նոր ռեկտոր կունենա

Մայիս 26,2020 14:35

Մարտին պետք է կայանային ԵՊՀ ռեկտորի ընտրություններ, սակայն դրանք անորոշ ժամանակով հետաձգվել են, լրացել է նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը: ԵՊՀ նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ կամք պետք է դրսեւորվի, որպեսզի խորհրդի կազմ ձեւավորվի, ու սեղմ ժամկետներում ռեկտորի ընտրություններ անցկացվեն, նաեւ մտավախություն էր հայտնել, որ հնարավոր է նոր ուսումնական տարին Մայր բուհը դիմավորի առանց ռեկտորի:

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանից հետաքրքրվեց՝ ի վերջո ե՞րբ է լուծվելու ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը, եւ ինչու է ձգձգվում հոգաբարձուների խորհրդի կազմի ձեւավորումը:

«ԵՊՀ-ից բացի, այլ համալսարաններն եւս ունեն խորհրդի հետ կապված հարցեր, քանի որ արտակարգ դրություն է հայտարարված երկրում: Եվ ԵՊՀ-ում, եւ Բժշկական համալսարանում, եւ Պոլիտեխնիկում խորհուրդների ժամկետներն ավարտվել են: Այս ընթացքում նախարարությունում քննարկել ենք խնդիրը, փորձելու ենք դիմել պարետատուն, որպեսզի հասկանանք, թե ինչպես վարվել: Խորհուրդների կազմում ընդգրկվող անդամները քսան հոգուց ավելի են, եւ անդրանիկ նիստը, որ խորհուրդը ձեւավորելուց հետո պետք է գումարվի, խնդիրներ կառաջացնի, քանի որ քսան հոգին գերազանցելու է:

Բացի դրանից՝ համալսարաններում էլ ունենք խնդիրներ: Բուհերը պետք է գիտխորհրդով ներկայացնեն պրոֆեսորադասախոսական կազմից իրենց ներկայացացուցիչներին, ուսանողական խորհուրդները՝ ֆակուլտետային խորհուրդներից, պետք է ուսանողական խորհրդի նիստ գումարեն, որի արդյունքում իրենց ուսանողներին ներկայացնեն: Այդտեղ նույնպես խնդիր ունենք, քանի որ համալսարաններն այս պահին չեն աշխատում: Սեղմ Ժամկետներում լուծումներ կառաջարկենք՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,-ասաց Գրիշա Թամրազյանը:

Հարցրինք՝ այսինքն համալսարանները, այդ թվում ՝ ԵՊՀ-ն նոր ուսումնական տարում կունենա՞ն ռեկտոր: «Մենք քննարկում ենք ընդհանրապես ժամանակավոր պաշտոնակատարների հարցը, քանի որ բազմաթիվ նամակներ ենք ստանում: Կապված ԵՊՀ-ում ռեկտորի չկայացած ընտրության հետ՝ խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ: Ինչպես գիտեք՝ ռեկտորի ընտրությունն ամսի 30-ին էր, սակայն ամսի 16-ին երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել: Կրկնում եմ՝ հոգաբարձուների խորհրդի հետ կապված նույն խնդիրն ունենք նաեւ Պոլիտեխնիկական համալսարանում, բժշկականում՝ ժամկետներն ավարտվել են, բայց նոր խորհուրդներ չեն ձեւավորվել, պետք է շտապ լուծումներ տանք»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031