Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Թամրազյանը՝ «փակ» նիստի եւ նախկինների օրոք աշխատելու մասին

Մայիս 26,2020 14:27

Aravot.am-ը ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանից հետաքրքրվեց` ի՞նչ տպավորություն ստացավ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի, նրա պնդմամբ իր կողմից՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին հովանավորելու թեմայով ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստից, որը վերջին պահին որոշվեց փակ անցկացնել, արդյոք քննարկումը բավարարե՞ց իրեն:

«Նիստից առաջ ԿԳՄՍ նախարարն արդեն հանցագործության մասին հաղորդմամբ էր հանդես եկել: Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չկա, քան այն, որ եթե հայտարարություն է հնչում հովանավորչության մասին, կամ տվյալ անձը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, կամ անձը, որ մարդուն մեղադրում է հովանավորչության մեջ, պետք է տեղեկացված լինի, որ սուտ մատնության համար նույնպես պատասխանատվության կարող է ենթարկվել:

Ինչ վերաբերվում է ԱԺ-ում հանձնաժողովի կողմից նիստ հրավիրելուն, ինձ եւ պարոն Գոգյանին ԱԺ հրավիրելուն եւ հարց ու պատասխանի միջոցով թեման քննարկելու հարցին, կասեմ, որ քննարկումն անցել է բավականին արդյունավետ եւ կառուցողական: Ինձ բազմաթիվ հարցեր ուղղեցին ԱԺ պատգամավորները, ես բոլոր հարցերին պատասխանեցի: Չի եղել մի հարց, որը մնացել է բաց:

Նորից ուզում եմ շեշտել, որ մեծ հպարտություն եմ ապրել, որ երբ մեր մարզիկների հրապարակային աջակցությունն եմ ստացել, քանի որ չեմպիոնները ոչ թե տարբեր կողմերից իմ հասցեին հնչեցվող մեղադրանքներին էին անդրադառնում, այլ իմ մարդկային հատկանիշներին ու տեսակին: Ես հպարտ եմ, քանի որ նրան մերօրյա հերոսներն են»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:

Հարցրինք՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստի փակ լինելը անակնկալ է՞ր իր համար: «Ես նորմալ վերաբերվեցի նիստի՝ փակ անցկացվելուն: Նիստը լիներ բաց, թե փակ, ես այդ նիստին միանշանակ մասնակցելու էի, քանի որ արդեն Ազգային Ժողովում էի: Եթե հանձնաժողովը նպատակահարմար գտներ, որ նիստը լինելու է բաց, ես նաեւ բաց ձեւաչափով էի մասնակցելու, այնպես որ՝ ոչ մի խնդիր չտեսա այդտեղ: ԱԺ հանձնաժողովը քննարկեց ու որոշեց փակ լինի, դրա հետ կապված մեկնաբանություն անել չեմ կարող, քանի որ ինքս քվեարկելու իրավունք չունեի»,-ասաց Գրիշա Թամրազյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի այն հայտարարությանը, որ կհետեւի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կոչին եւ կհրաժարվի ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններից: «Պարոն նախարարը հայտարարեց, որ իրավիճակից ելնելով ՝ սեղմ ժամկետներում կհայտարարվի մրցույթ, տիկին Գալոյանն էլ արդեն իսկ հրապարակային հայտարարություն է արել, որ երբ մրցույթ հայտարարվի, ինքը նախարարի հորդորին անսալով՝ հրաժարականի դիմում կներկայացնի, որպեսզի հավասար պայմաններում անցնեն նոր ռեկտորի ընտրությունները, եւ խորհուրդը կաշկանդված չլինի ռեկտոր ընտրելիս»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Գրիշա Թամրազյանի՝ նախկին իշխանությունների օրոք պրոռեկտոր աշխատած լինելուն: «Ես աշխատել եմ Կարինե Հարությունյանի (Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ռեկտորի-Գ.Հ.) հետ եւ գտնում եմ, որ նա կրթական ոլորտի ամենակայացած ու առաջատար մասնագետներից մեկն է, հետեւաբար ինձ համար հպարտություն է եղել՝ լինել տիկին Հարությունյանի տեղակալը: Ես նրանից շատ բաներ եմ սովորել»,-պատասխանեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031