Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա, մենք վերջապես ունենք մեր սեփական բնակարանը, և դա այնպիսի մեծ երջանկություն է». 9 հոգանոց մեծ ընտանիքը «Ազնավուր» հիմնադրամից ստացավ նոր բնակարանի սեփականության վկայականն ու բանալին

Մայիս 26,2020 14:20

Ավելի քան երկու տասնամյակ ժամանակավոր կացարանում բնակվելուց հետո Մալխասյանների ինը հոգանոց մեծ ընտանիքը «Ազնավուր» հիմնադրամից ստացավ իր նոր բնակարանի սեփականության վկայականն ու բանալին։ Ընտանիքն այդ ժամանակավոր կացարանում անց էր կացրել բազում ծանր, ցուրտ ու մութ տարիներ՝ առանց էլեկտրականության և պատշաճ ջեռուցման: Այժմ արդեն նրանք տեղափոխվել են իրենց նոր, ընդարձակ բնակարան՝ հետևում թողնելով երկրաշարժի և դրա արդյունքում տան կորստի հետ կապված ծանր հիշողությունները:

Սիրանուշ Մալխասյանն ընդամենը 7 տարեկան էր, երբ ընտանիքը սկսեց ապրել այդ տնակում։ Այսօր արդեն 33-ամյա երիտասարդ կինը խոստովանում է, որ երբեք չի դադարել երազել և հավատալ, որ մի օր կունենա իր սեփական տունը: «Հիմա, մենք վերջապես ունենք մեր սեփական բնակարանը, և դա այնպիսի մեծ երջանկություն է. մենք անչափ ուրախ ենք, քանի որ արդեն կարող ենք հոգալ մեր երեխաների կարիքները, որպեսզի նրանք ունենան իրենց անհրաժեշտ ամեն ինչ, ունենան ավելի ուրախ մանկություն, քան մերն էր: Երբեք պետք չէ հուսահատվել, պետք է առաջ նայել և շարժվել առաջ, քանի որ Աստված մեծ է, և կան աշխարհում բարի մարդիկ»,- ասում է 1988-ի երկրաշարժից փրկված Սիրանուշ Մալխասյանը:

Հավատարիմ մնալով հասարակության խոցելի խմբերին աջակցելու իր առաքելությանը՝ «Ազնավուր» հիմնադրամը և մեկ այլ բարեգործ, ով ցանկացել է անանուն մնալ, նոր տուն են նվիրել Մալխասյանների ընտանիքին: «Մեր երազանքները, նպատակներն ու ձգտումները հաճախ ուղղակիորեն կապված են մեր կյանքի որակի հետ: Երբ մարդիկ կենտրոնանում են միայն իրենց անցյալի խնդիրների և դժվարությունների վրա, դա հաճախ խանգարում է ապագայի հետ կապված նպատակներ սահմանել և արգելափակում դրանք իրագործելու հնարավորությունը։ Ողջ ունեցվածքը կորցրած մարդկանց համար մեծ երջանկություն է դարձյալ սեփական տանիքն ունենալ, և «Ազնավուր» հիմնադրամն ուրախ է աջակցել ևս մեկ ընտանիքի՝ ունենալու բարեկեցիկ ապագա: Կարիքավորներին աջակցելն ու նրանց ձայնը լսելի դարձնելը Շառլ Ազնավուրի համար հիմնարար արժեքներ էին, որոնք մենք պահպանում ենք ու տարածում»,- ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը:

«Ազնավուր» հիմնադրամն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն աջակիցներին, որոնց ներդրումների շնորհիվ հնարավոր է դառնում վերաբնակեցման այս ծրագրի իրականացումը։ Հիմնադրամը կոչ է անում նոր գործընկերների միանալու այս նախաձեռնությանը՝ բարեկեցիկ ու արժանապատիվ միջավայր ապահովելու համար անբարենպաստ պայմաններում գտնվող հազարավոր մարդկանց։

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը եկավ Հայաստան՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու աղետից տուժած մարդկանց: Հաջորդ տարիներին նա շարունակեց աջակցել Հայաստանին իր հիմնած՝ «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի միջոցով: Հետագայում իր որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ միասին նրանք ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը՝ 1988-ին նախաձեռնած ծրագրերը շարունակելու և նոր նախագծեր իրականացնելու համար:

2018 թվականից սկսած ՝ «Ազնավուր» հիմնադրամը մեկնարկել է վերաբնակեցման ծրագիր Գյումրու՝ ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների համար՝ բնակարաններով ապահովելով շուրջ հարյուր մարդու: Ծրագրի իրականացման գործում իրենց ներդրումն են ունեցել բազմաթիվ նվիրատուներ Հայաստանից և արտերկրից, որոնք այդպիսով միացել են Շառլ Ազնավուրի առաքելությանը:

«Ազնավուր» հիմնադրամը կշարունակի իրագործել սոցիալական և այլ ծրագրեր, որոնք ուղղված են խրախուսելու երիտասարդներին ապրել իրենց երկրում և աշխատել հանուն վերջինիս բարեկեցության:

«Ազնավուր» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031