Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը ողջունեց ԼՀԿ-ի վերադարձը նիստերի դահլիճ. «Ենթադրաբար, քաղաքական գնահատականը բավարարել է»

Մայիս 26,2020 14:16

«Ողջունում եմ «Լուսավոր Հայաստանի»՝ նիստերի դահլիճ վերադառնալու որոշումը: Մամուլից տպավորություն է, որ մեր հարգելի գործընկերները հայտարարել են՝ ԱԺ կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, քաղաքական գնահատական»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն, նկատի ունենալով «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ միջադեպը, բոյկոտել էր նիստերը, ապա նշել, որ արդեն մասնակցելու է քառօրյային:

Միրզոյանը շեշտեց. «Այսօր նրանց տեսնելով՝ ենթադրում եմ, որ այդ գնահատականը հնչել է եւ բավարարել ԼՀԿ-ին: Այո, տեղի ունեցածը դատապարտվել է վարչապետի, «Իմ քայլը» խմբակցության կողմից»:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին, որ դիմակ չկրելու համար այսօր Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորին նախազգուշացրել է, մինչդեռ այն ժամանակ, երբ իր վրա դահլիճում բռունցքներով հարձակվեցին, որեւէ մեկը նկատողություն չստացավ, Արարատ Միրզոյանն ընդգծեց. «Ես հայտարարել եմ ընդմիջում, որի արդյունքում դահլիճից դուրս են հայտնվել բոլոր պատգամավորները, թեեւ մեկնաբանողները տեղի ունեցածն ավելի ճարտար մեկնաբանելու առիթ ունեցան: Եթե անձը լինի վարակակիր, չիմանա այդ մասին եւ վարակի մյուսներին, դա կխոչընդոտի ԱԺ բնականոն աշխատանքը: ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ես ունեմ լիազորություն պատգամավորներին նախազգուշացնելու կամ դահլիճից դուրս հրավիրելու: Եթե իրավաբաններն ինձ հետ համաձայն չեն, կարող են բողոքարկել որոշումս մինչեւ սահմանադրական դատարան»:

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ նիստերի դահլիճում դիմակ չկրող պատգամավորները կնախազգուշացվեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031