Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում սպանված Գուրգեն Մարգարյանի գործով դատավճիռը:
ՄԻԵԴ վճռի համաձայն՝ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք):
Հունգարիայի հետ կապված խախտում ՄԻԵԴ-ը չի արձանագրել: «Չկա որևէ ապացույց առ այն, որ Հունգարիայի իշխանությունները տեղյակ են եղել, որ Սաֆարովն Ադրբեջանում ազատության մեջ է հայտնվելու»,-ասված է վճռում:
Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը վճռել է, որ ո՛չ Ադրբեջանը, և՛ Հունգարիան չեն խախտել 38-րդ հոդվածը (գործի քննության համար անհրաժեշտ պայմաններ տրամադրելու պարտավորությունը):
Կարդացեք նաև
Ըստ վճռի՝ Ադրբեջանը հայցվոր կողմի պահանջով պետք է վճարի 15 հազար 143 ֆունտ ստերլինգ՝ դատական ծախսերի փոխհատուցման համար։
ՄԻԵԴ վճռում նշվում է, որ «Ադրբեջանն անհիմն ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, փոխարենը նրան ներում և կոչում է շնորհվել»:
Նշվում է, որ սույն վճիռը վերջնական չէ, եռամսյա ժամկետում կողմերը կարող են պահանջել, որ գործը փոխանցվի եվրոպական դատարանի Մեծ պալատ:
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին, 2006թ. Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Բայց 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ նրան ներում է շնորհվել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ