Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյանն առաջարկել է արևմտահայերենով բանաստեղծությունների նախագահական մրցույթ կազմակերպել աշակերտների համար, արդյունքներն ամփոփել Հայաստանի անկախության օրը

Մայիս 26,2020 14:13

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Քուվեյթի հայկական ազգային վարժարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ:

Այս տարեսկզբին տիկին Սարգսյանը Քուվեյթ կատարած այցի շրջանակում հյուրընկալվել էր վարժարանում, որը հիմնվել է 1960 թվականին և մեծ ներդրում է ունեցել սփյուռքում սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության գործում: Կրթօջախը Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է:

Հանրապետության նախագահի տիկինն իր ողջույնները փոխանցելով ուսուցիչներին՝ հիշել է, որ շատ լավ տպավորություններ է ստացել վարժարան այցից՝ ընդգծելով, որ վարժարանի ուսուցչական կազմի նվիրվածությունն իրենց գործին գնահատանքի է արժանի:

«Հայկաշխարհ» մանկապատանեկան արևմտահայերեն կայքի խմբագրակազմի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը վարժարանի ուսուցիչների հետ զրուցել է հեռավար ուսուցման առավելությունների ու դժվարությունների, Հայաստանից դուրս արևմտահայերենի պահպանման ու ամրապնդման, ինչպես նաև՝ մեկուսացման պայմաններում երեխաների ակտիվ կյանքի ապահովման հարցերի մասին:

Անդրադառնալով հեռավար ուսուցման առավելություններին և թերություններին՝ տիկին Սարգսյանը նշել է. «Լավ կողմերը հետևյալն են՝ ծնողները ստիպված չեն աշակերտներին մեքենայով շոգ եղանակին տանել դպրոց և բերել: Նշանակում է՝ ավելի քիչ մեքենաներ են դուրս գալիս փողոց, որը լավ է նաև բնության համար: Երկրորդ, այն ավելի պրակտիկ է. ուսուցիչն ավելի կազմակերպված է տեղեկությունը փոխանցում աշակերտին, կարող է նստել տանն իր սեղանի մոտ, ինչպես հիմա ես եմ, և կարդալ իր դասախոսությունը: Վատ կողմն այն է, որ աշակերտները զրկվում են սոցիալապես իրար հետ շփվելուց, չկան միջուսանողական զրույցներ, հարաբերություններ, և անհատ մարդն առանձնանում է: Դա է, որ դպրոցները և վարժարանները պետք է թույլ չտան»: Նրա խոսքով՝ հեռավար ուսուցումը կարելի է շարունակել, բայց դրա հետ մեկտեղ պետք է ապահովել նաև աշակերտների սոցիալական շփումը՝ լինի դա սպորտային մրցում, համերգ, բակային խաղ, մարաթոն:

Տիկին Սարգսյանն առաջարկել է նաև օգտագործելով նոր տեխնոլոգիաներն ու հնարավորությունները՝ կապ ապահովել վարժարանի սաների և Հայաստանի նրանց հասակակիցների միջև՝ հնարավորություն տալով նրանց այս մեկուսացման ընթացքում նոր ընկերներ ձեռք բերել հայրենիքում:

Վարժարանի ուսուցիչները անդրադարձել են նաև հեռավար ուսուցման համար արևմտահայերենով դիդակտիկ նյութերի պակասի խնդրին: Ի պատասխան այս դիտարկումների՝ տիկին Սարգսյանը նշել է, որ շատ է կարևորում արևմտահայերենի պահպանումը և ամրապնդումը Հայաստանից դուրս: «Չպետք է թույլ տալ, որ այս գեղեցիկ լեզուն կորցնի իր ուժը, ուստի պետք է տպագրվեն գրքեր, անցկացվեն մրցույթներ, ասմունքի երեկոներ»,-ասել է տիկին Սարգսյանը: Այս համատեքստում նա առաջարկել է «Հայկաշխարհ» կայքի հիմնադիր, խմբագիր Նայիրի Մկրտիչեանի հետ համագործակցաբար արևմտահայերենով բանաստեղծությունների նախագահական մրցույթ կազմակերպել երեք խմբերի՝ տարրական, միջին և ավագ դասարանների աշակերտների համար, արդյունքներն ամփոփել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը և մրցանակներ հանձնել հաղթողներին:

Ամփոփելով զրույցը՝ տիկին Սարգսյանը հորդորել է չհուսահատվել. «Ուժեղ եղեք, ամուր եղեք, պահեք և սիրեք ձեր ընտանիքները, որը շատ կարևոր է»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031