Լրահոս
Օրվա լրահոսը

Մարությանն ավագանու անդամներին. «Ես ուրիշ լծակ չունեմ ձեզ վրա, չեմ կարող ձեզ դահլիճից հանել, ոչ էլ կոնֆետով հյուրասիրել, ինչ ուզում եք՝ արեք»

Մայիս 26,2020 13:57

Այսօր ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, երբ նիստի օրակարգում ընդգրկված հարցերն էին քննարկում, հարց ուղղեց հանրային տրանսպորտի ախտահանման մասին:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նկատեց՝ միշտ հորդորել է նիստի այս հատվածում տան հարցեր օրակարգի հետ կապված, իսկ հարցերը տալ հարցուպատասխանի ժամանակ. «Ես ուղղակի հորդորում եմ, ես ուրիշ լծակ չունեմ ձեզ վրա, ինչ ուզում եք՝ արեք: Ես ուղղակի հիշեցնում եմ, ես չեմ կարող ձեզ դահլիճից հանել, հետ բերել, ո՛չ հյուրասիրել բոլորին կոնֆետներով, ո՛չ մի բան, ո՛չ լավ բան կարող եմ անել, ոչ՝ վատ: Օրենսդրական լծակ չունեմ, որպեսզի ձեզ վրա ազդեմ, միայն հորդորն է, գիտակցումը, որ այս օրակարգին վերաբերող հարցեր ենք տալիս»:

Երիցյանը պնդեց պատասխանել իր հարցերին, քանի որ հարցուպատասխանի ժամանակ այլ հարցեր ունի:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության Ժ/Պ Էդգար Գալստյանը պատասխանեց. «Երեւան համայնքում սպասարկվող բոլոր տրանսպորտային միջոցները ախտահանվում են խորքային՝ մասնագիտացված կառույցի կողմից: Պարետի ցուցումի համաձայն, համայնքի միջոցներով են իրականացվում մասնավոր հատվածի տրանսպորտային միջոցների շարժակազմի ախտահանումն ամեն օր պարտադիր: Պարետի ցուցումով՝ տրանսպորտային միջոցի մուտքի հատվածում տեղակայված է ալկոգել եւ ուշադրություն է դարձվում, որպեսզի վարորդներն ու ուղեւորները լինեն դիմակներով: Դրա նկատմամբ հսկողությունն իրականացնում են ոստիկանությունն ու տեսչական մարմինը՝ համագործակցելով քաղաքապետարանի հետ»:

Էդգար Գալստյանն ասաց՝ լինում են նաեւ խախտումներ, բայց դրանք մեծ ծավալի չեն, օրինակ՝ մայիսի 24-ին ոստիկանությունը հայտնաբերել է խախտում արած ընդամենը երկու տրանսպորտային միջոց, իսկ երեկ՝ երեք ավտոբուս, դրանք տեղափոխվել են պահպանվող տարածք:

«Ընթացիկ ախտահանումներն իրականացնում են կազմակերպություններն իրենց միջոցներով, իսկ խորքայինը՝ եւ մետրոպոլիտենի վագոններում, եւ էլեկտրատրանսպորտում, ավտոբուսներում, մասնավորումներում օրը մեկ անգամ խորքային ախտահանումը իրականացնում է «Ախտահանում» ՓԲԸ-ն»,- ասաց Էդգար  Գալստյանը:

Վերջում Մարությանը դիմելով Գրիգոր Երիցյանին եւ ավագանու մյուս անդամներին ասաց. «Պարոն Երիցյան, դուք ավագանու ամենակարգապահ եւ օրինապահ անդամներից եք, բայց ճիշտ հասկացեք՝ քանի որ դուք տվեցիք հարցը, ես պետք է դա ասեի: Բայց խոսք եմ տալիս բոլորին՝ էլ երբեք չեմ անդրադառնալու այս հարցին, ով, ինչ ուզում է, թող հարցնի, պատասխաններ ստանա, օրակարգից է, օրակարգից չէ, չգիտեմ, կյանքից է, քաղաքապետարանից է, համեցեք, հարցրեք: Կներեք, պարոն Երիցյան, որ ձեր հարցի ժամանակ այս ամեն ինչը տեղի ունեցավ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031