Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն ուզում է ցույց տա՝ այն, որ Ղարաբաղում ուտում-խմում էինք ու այդ նկարը սպրդել է մամուլ, հիմա ուզում է մաքրի». Մարուքյանը դիմակը դերասանություն է համարում

Մայիս 26,2020 13:48

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատողություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ դիմակ չկրելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ պարետի որոշումները չեն կարող խորհրդարանի վրա ազդել, եթե ազդեին, խորհրդարանը չպիտի աշխատեր, չպիտի գործեր ընդհանրապես կարանտինի ժամանակ. «Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրության ժամանակ խորհրդարանի վրա արտակարգ դրության ռեժիմը չի տարածվում: Այն որոշումները, որոնք պարետն ընդունում է՝ ընդունում է ռեժիմից բխող որոշումներ, իսկ ամբողջ ռեժիմը չի կարող տարածվել խորհրդարանի վրա: Ամբողջ աշխարհում այդպես է»:

Մենք ճշտեցինք՝ ստացվում է, որ ցանկացած պատգամավոր կարող է առանց դիմակի հանգիստ գալ աշխատանքի՞՝ նա պատասխանեց. «Այո, բայց քանի որ մենք էլ ի սկզբանե ասել ենք, որ ճիշտ է դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, հիմա մենք ծայրահեղությունից ծայրահեղության մեջ ենք: Մի իրավիճակում 200 հոգով անընդհատ առանց դիմակ աշխատում են ու էդ սաղ նորմալ է, երկրորդ իրավիճակում շատ խիստ մոտեցումներ եւ պատգամավորին դահլիճից դուրս հանել: Դա հակասահմանադրական է, չի կարող ինքը դահլիճից պատգամավորին դուրս հանի: Չեմ պատրաստվում լռեմ խախտումների դեմ, դա խախտում է: Մարդկանց բացատրում ենք, ասում ենք՝ դա խախտում է, իրենք չգիտեմ ինչ են պատմում»:

Մարուքյանն ասաց, որ խոսելիս դիմակը հանում է, որովհետեւ դիմակով խոսելը՝ կարծում է, որ նաեւ արհամարհանք է ժողովրդի նկատմամբ. «Ի՞նչ է նշանակում միկրոֆոնի մոտ, երբ որ դու մենակ ես, խոսել դիմակով, իմաստը ո՞րն է»:

Հարցրեցինք՝ այսինքն, ԱԺ-ում պատգամավորներին, մեզ չեն կարող տուգանել, եթե առանց դիմակի լինենք՝ Մարուքյանը պատասխանեց. «Խոսքը գնում է խորհրդարանի բնականոն գործունեության մասին: Պատգամավորին չի կարող դահլիճից դուրս հանել՝ դիմակ չկրելու համար: Ավելին, երբ որ մարդկանց վրա բռնություն են կիրառում, դուրս չեն հանում, նախազգուշացում մի պատգամավոր չի ստացել այդ խուլիգանության համար, ինքը ասում է՝ դիմակ չկրելու համար կհանեմ դահլիճից»:

Հարցին՝ եթե ձեզ դրսում առանց դիմակի տեսնեն, կարո՞ղ են տուգանել՝ Մարուքյանը պատասխանեց, որ դա վիճարկելի հարց է, եթե պարզվեց, որ խորհրդարանի գործունեության տիրույթում ես աշխատում, էլի չէ. «Ես ձեզ ասեմ՝ դիմակի հարցը դերասանության նման մի բան է, դերասանություն է սա: Դա դարձել է երկրում դերասանություն: Երբ որ պետք էր դիմակը կրել՝ չեն կրել, երբ որ վարակի տարածման վերահսկողություն չկա, դիմակ կրելու ֆլեշմոբ են անում: Սա ֆլեշմոբ է: Իշխանությունն ուզում է ցույց տա, որ այն, որ Ղարաբաղում որ ուտում-խմում էինք ու այդ նկարը սպրդել է մամուլ, հիմա ուզում է մաքրի: Դա չի մաքրվելու, ուզում է ասեն՝ ձախողել ենք, սխալ ենք արել: Իրենք ձախողել են եւ պանդեմիայի դեմ պայքարը, եւ տնտեսական, որեւէ սոցիալական ճիշտ աջակցություն չի ցուցադրվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031