Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան. «Այն, ինչ հնչեց այս դահլիճում, ինձ համար նվաստացուցիչ խոսքեր են»

Մայիս 26,2020 13:24

Այսօր Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց հանել օրակարգից, քանի որ ավագանու անդամները դրա մասին տեղեկացել են երկու շաբաթ առաջ: Նա առաջարկեց հարցը հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել: Պապիկյանն ասաց, որ այս հարցը բազմաշերտ է, այն կարիք ունի խորը եւ բազմակողմանի ուսումնասիրության. «Այս հարցի փաթեթում տեղ են գտել բավականին վիճահարույց տարածքներ, կարիք ունեն հավելյալ ուսումնասիրության»:

Հարցը օրակարգից հանելու առաջարկը բավականին վրդովվեցրեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին: Նա ասաց. «Այն, ինչ հնչեց րոպեներ առաջ այս դահլիճում, ինձ համար նվաստացուցիչ խոսքեր են, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է։ Բարեբախտաբար, «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր իշխանություն է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն էլ այդ իշխանության ամենավերջին անդամը չէ։ Այն, ինչ այս պահին այս դահլիճում ասվեց, պետք էր փակ դռների հետեւում Սասուն Միքայելյանի հետ քննարկած լինեիք ու գայիք այստեղ։ Իսկ ինձ համար պատիվ էր ԵԿՄ այս նախագծին քվեարկելը։ Առաջ կռիվ էինք տալիս ԵԿՄ-ի համար իրենց հետ, որովհետև նախագահն եսիմ ով էր, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավարն է, չեմ հասկանում՝ ինչի՞ եք կռիվ տալիս։ Այդ գրասենյակներն ապրիլյան պատերազմի ժամանակ փոքր զինկոմիսարիատների դեր կատարեցին, հավաքվեցին Երկրապահի տղաներն ու գնացին սահման։

Այդ գրասենյակների մի մասը թանգարաններ են, այդ գրասենյակներում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներն են հավաքվում։ Այսօր կարողանում եք այս դահլիճում քննարկել օրակարգից հանելու այդ հա՞րցը։ Նույնիսկ հանրապետականները դա չեն արել։ Սա ձեր քաղաքական թիմի ամոթն է։ Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն»։

 

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց՝ հարցը մինչ ավագանի հասնելը, նախագծի վրա աշխատել են 6-8 ամիս, հանդիպել են ԵԿՄ պատվիրակության հետ, որը ղեկավարել է Սասուն Միքայելյանը, քաղաքապետարանի պատվիրակությունը, ինքը՝ քաղաքապետը. «Մենք նստել ենք, երկար քննարկել ենք: Այնուհետեւ ես եւ պարոն Միքայելյանը հանձնարարականներ ենք տվել, որպեսզի ԵԿՄ-ի հետ քննարկենք եւ երկար ժամանակ աշխատվել է: Ամեն տարածք առանձին-առանձին դիտարկվել է։ Եվ հենց այնպես չէ սա այստեղ: Գրեթե բոլոր տարածքները օպտիմիզացիայի են ենթարկվել։ Եղել են տարածքներ, որ 800 քառակուսի մետր է, դարձվել են 200 քառակուսի մետր, եղել են տարածքներ, որ ընդհանրապես հանվել են մանկապարտեզների շենքից, խոսքը շենքերի մասին է, ոչ թե գործող մանկապարտեզների, երեխաները կապ չունեն այդ տարածքների հետ, այդ տարածքները չօգտագործվող շենքերի մասերում են։ Երկու վարչական շրջանում եկել ենք համաձայնության ու տեղափոխվել են այլ տարածք: Մեր թաղապետերը տեղ են գտել, տեղափոխել են այլ տարածք: Կան տարածքներ, որտեղ կան թանգարաններ, փառքի անկյուններ, մեր զոհված ազատամարտիկների, որոնք իրենց կյանքը տվել են, որպեսզի մենք այս լուսավոր դահլիճում նստենք, ես նիստը վարեմ, դուք գաք օրակարգից հանեք եւ այլն: Ես պարտավոր էի այս ամենը ասել: Այս նախագիծը նորմալ եկել, հասել է օրակարգ եւ տեղ ունի մտնելու եւ քվեարկվելու: Պարոն Միքայելյանի հետ ես անձամբ զրուցել եմ, եկել ենք փոխադարձ համաձայնության՝ եթե քաղաքապետարանին ինչ-որ մի պահի պետք լինեն այդ տարածքները, որպեսզի մանկապարտեզն ընդլայնվի եւ անհրաժեշտ լինի, որ երեխաներն իրնեց անկյունը վերցնեն, առանց որեւէ խնդրի ԵԿՄ-ն այդտեղից դուրս կգա, կգնան ուրիշ տեղ: Սա նրանց սկզբունքների մեջ է»:

Պապիկյանի առաջարկը՝ այս նախագիծը օրակարգից հանելու, դրվեց քվեարկության։ Առաջարկությանը կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, դեմ՝ 28-ը, ձեռնպահ՝ 8-ը: Հարցը չհանվեց այսօրվա նիստի օրակարգից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031