«Սիրելի քաղաքացիներ, մի աբսուրդի մասին պատմեմ: Պարոն Մարուքյանը միշտ սիրում է ասել, որ ինքը խորհրդարանի երրորդ ուժի ղեկավարն է: Հիմա ի՞նչ է կատարվում: Այդ խորհրդարանական 3-րդ ուժի ղեկավարն այն պայմաններում, երբ ՀՀ-ում օրական կորոնավիրուսի 400 դեպք է գրանցվում, երբ երեկ վեց, իսկ այսօր չորս մահ է գրանցվել, երբ պարետատունը, կառավարությունն իր լսարանին քարոզում են դիմակ կրել, այս մարդն ԱԺ-ում եկել-կռվում է դիմակ չկրելու համար: Սա ուղղակի խայտառակություն է»,-ԱԺ ամբիոնից այսօր խոսելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի մասին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ Մարուքյանն այսօր կասկածի տակ էր դրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անաչառությունը, երբ վերջինս դիմակ չկրելու համար նախազգուշացրել էր ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:
Էդմոն Մարուքյանը նկատել էր՝ նման դեպքերում Միրզոյանը նախազգուշացնում է, բայց երբ իր վրա ձեռք էին բարձրացնում, որեւէ մեկը նախազգուշացում չստացավ: Մարուքյանը նաեւ պնդել էր՝ ԱԺ նախագահը նախազգուշացնելու լիազորություն չունի, քանի որ արտակարգ դրությունը, ըստ սահմանադրության, ԱԺ-ի վրա չի տարածվում:
«Սա խայտառակություն է ուղղակի, անպատասխանատվության գագաթնակետ»,-համոզմունք հայտնեց Ռուբեն Ռուբինյանը, ապա շարունակեց,-«այսպես լավ չի…ես սպասում եմ, որ վաղը պարոն Մարուքյանն ասուլիս է տալու եւ ասելու, որ դիմակ չկրելն օգտագործում են ընդդիմությանը լռեցնելու համար: Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»:
Կարդացեք նաև
Այս խոսքերի պահին Ռուբինյանը ձեռքի ափը թեթեւակի հարվածեց ամբիոնին ու հեռացավ իր տեղը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ