Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե երեւացեք անաչառ. դուք ծափահարում էիք, երբ վարչապետն արդարացնում էր բռնությունը». Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

Մայիս 26,2020 12:46

«Ուզում եմ բողոք բարձրաձայնել: Դուք նախազգուշացում տվեցիք ընդդիմադիր պատգամավորին, մինչդեռ մինչեւ այդ ես ձեզ ասացի, որ սահմանադրությամբ դուք նման հնարավորություն չունեք»,-ԱԺ նիստում այսօր խորհրդարանի նախագահին այսպես դիմեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանն ասել էր, որ նիստերի դահլիճում դիմակ չկրողներին նախազգուշացնելու է, իսկ կարիքի դեպքում՝ դահլիճից դուրս է հրավիրելու, մինչդեռ Էդմոն Մարուքյանը պնդել էր՝ ԱԺ նախագահը նման լիազորություն չունի, քանի որ արտակարգ դրությունը, ըստ սահմանադրության, ԱԺ-ի վրա չի տարածվում: Այսօր Միրզոյանը ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին դիմակ չկրելու համար նախազգուշացրեց:

Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց. «Երկակի չափանիշների այս փորձն ինչի՞ց է գալիս: Երբ բռունցքներով հարձակվում են պատգամավորի վրա եւ բռնություն գործադրում, որեւէ պատգամավորի դուք դուրս չեք հրավիրել, նախազգուշացում չեք տվել: Հետո էլ վարչապետն է ելույթ ունեցել, արդարացրել բռնությունը, դուք էլ ծափահարել եք, պարոն Միրզոյան: ԱԺ նախագահը գոնե պետք է փորձի մնալ անաչառ, գոնե երեւա անաչառ, իսկ դուք ծափահարել եք: Հիմա մենք ասում ենք՝ դիմակ կրելը ճիշտ է, բայց ծայրահեղության մեջ չընկնենք: Երբ մարդն, օրինակ, սենյակում մենակ է, դիմակ կրելու իմաստը ո՞րն է: Այստեղ էլ երկակի չափանիշներն ենք արձանագրում»:

Ապա Մարուքյանն ասաց, որ կարեւոր հայտարարություն ունի: Ըստ նրա՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է կորոնավիրուսի հետ կապված զեկույց ներկայացնի. «Դրանով նա ԵԽ 47 պետություններում պետք է դիտարկի, թե կորոնավիրուսի ժամանակահատվածում ինչպես են խախտվել մարդու իրավունքները՝ արտակարգ դրությամբ պայմանավորված: Պարոն Վարդանյանը ձայն չի հանում, որ այստեղ հիմա երկակի չափանիշներ են կիրառվում, եւ ոտնահարվում է սահմանադրությունը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրառությամբ: Պարոն Վարդանյան, դուք ինչպե՞ս եք որպես օբյեկտիվ զեկուցող հանդես գալու: Կարծում եմ՝ զեկուցողի պաշտոնում ձեր հաստատվելը վտանգված է այսուհետեւ»:

Ապա Մարուքյանն ամբիոնի մոտ հագավ դիմակն ու գնաց իր տեղը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031