ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ու անկուսակցական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախազգուշացում ստացան: Դահլիճում աղմուկ բարձրացավ, պարզվեց, որ Ուրիխանյանն ունի դիմակ: «Կրո՞ւմ եք, պարոն Ուրիխանյան, չէր երեւում, շատ լավ: Գեւորգ Պետրոսյանին նախազգուշացում է հայտարարվում»,-որոշումը հստակեցրեց Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք՝ Միրզոյանն այսօր հայտարարել էր, որ նիստերի դահլիճում դիմակ չկրողներին նախազգուշացնելու է, իսկ եթե կարիք լինի՝ հեռացնելու է դահլիճից մի քանի օրով: Արարատ Միրզոյանը հիշեցրել էր, որ պարետի որոշմամբ՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:
Ավելի ուշ Տիգրան Ուրիխանյանը, ամբիոնի մոտ հանելով դիմակը, փաստեց՝ այն կրելն անհրաժեշտություն է, դա տարրական տրամաբանության խնդիր է. «ԱԺ-ում անհարկի եմ համարում քննարկումները, թե արդյոք պե՞տք է կրել, կամ պետք չէ, կամ ի՞նչ պատիժ է հասնում դրա համար: Բնականաբար, որեւէ մեկն առանց համապատասխան իրավական ակտի չի կարող պատգամավորին զրկել իր լիազորություններն իրականացնելուց: Դիմակը պարտադիր է, ողջունում եմ միտքը, որ օրինակ պետք է ծառայել քաղաքացիներին, բայց ոչ ամբիոնից, որտեղ 15 մետր հեռավորություն կա»:
Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանն այսօր պնդել էր, որ ամբիոնի բարձրախոսը եւս կարող է վարակի «կրիչ» լինել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ