Մայիսի 16-ին կորոնավիրուսային հիվանդությամբ մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ տեղափոխված Նորքի տուն-ինտերնատի տարեցներից երկուսը 3-4 օր առաջ մահացել են, մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Այս մասին Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ նշելով, որ մահացած տարեցներից միայն մեկի 90-ամյա տղամարդու՝ մահվան պատճառն է եղել կորոնավիրուսը, մյուս տարեցը, չնայած վիրուսի առկայությանը, մահացել է իր ունեցած հիվանդությունից, որը եղել է մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը:
«Ցավոք սրտի, ծայրահեղ ծանր տարեցի առողջական վիճակում դրական փոփոխություն դեռեւս չկա, բայց մնացած 14 տարեցներն իրենց լավ են զգում: Մենք եւ ինտերնատի տնօրինությունն ամեն օր նրանց հետ կապի մեջ ենք: Բոլորը լավ են, փառք Աստծո, բարդություններ չունեն, մի մասը թեթեւ ջերմություն ունի, որոշներն արդեն ախտանշաններ էլ չունեն: Ուզում են հետ գալ տուն-ինտերնատ»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Սակայն, ըստ նրա, բժիշկները չեն շտապում նրանց դուրս գրել՝ տարիքից ու ուղեկցող քրոնիկ հիվանդություններից ելնելով. «Տարեցներին չենք շտապում հետ բերել՝ նրանց նկատմամբ խիստ ուշադիր են, որպեսզի բարդություններ չառաջանան, եւ որքան ավելի երկար գտնվեն բժիշկների հսկողության տակ, այնքան ավելի ապահով կլինեն»:
Մեր հարցին, թե նախնական նշել էին, որ ընդհանուր 40 տարեցի մոտ է հիվանդությունը հաստատվել, Սոնա Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ կորոնավիրուսով վարակված 17 տարեց է եղել, 28-ն էլ՝ աշխատակիցները:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքով, աշխատակիցների ինքնազգացողությունը լավ է, ախտանիշներ չունեն, եւ այդ պատճառով էլ նրանք ոչ թե հիվանդանոց այլ բոլորը մեկուսացվել են հյուրանոցներում. «Աշխատակիցներին կրկին կթեստավորեն եւ իրավիճակից կախված նրանք տուն կգնան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ