Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չեք ուզում, ասեք՝ չենք ուզում». Գեւորգ Պետրոսյանը դժգոհ է «Իմ քայլի» գործընկերների պահվածքից

Մայիս 26,2020 11:53

«Չպիտակավորեմ հանձնաժողովում երեկվա իրավիճակը, բայց տարօրինակ բան կատարվեց՝ սկզբում 4 կողմ եւ 2 դեմ ձայներով որոշումն անցավ, հետո ինչ-որ վերաքվեարկություն կազմակերպվեց, եւ որոշումը չանցավ»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նրա եւ ԲՀԿ մյուս պատգամավորների հեղինակած օրինագծին, որով առաջարկվում էր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, զրպարտելու դրվագներով քաղաքացիական գործերը դատարանում քննել սեղմ ժամկետներում: Օրինագծի քննարկման ժամանակ Գեւորգ Պետրոսյանի եւ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի միջեւ վեճ էր եղել:

Այսօր Գեւորգ Պետրոսյանը նկատեց. «Երեկ խոսակցություն եղավ, թե ես վիրավորել եմ որեւէ դատավորի: Նման բան չի եղել, դա բանսարկություն է: Ես վիրավորելուց միանգամից եմ ասում, բայց նման բան չի եղել»:

Ապա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անունից «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը պարզաբանեց. «Չնայած ես համակարծիք եմ պարոն Պետրոսյանի հետ, որ այս օրինագիծն անհրաժեշտություն է, կողմ եմ քվեարկել, բայց հանձնաժողովը դեմ է քվեարկել: Մի անգամ եղավ քվեարկություն, մասնակցեց տասը պատգամավոր, որոնցից չորսը կողմ քվեարկեց, երեքը՝ դեմ, երեքը՝ ձեռնպահ: Դա նշանակում է, որ օրինագիծը չի անցել, որովհետեւ կանոնակարգի համաձայն՝ քվեարկողների թվի մեծ մասը, այսինքն՝ վեց հոգի, պետք է «կողմ» քվեարկի, որպեսզի նախագիծն անցնի»:

Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Եթե չէիք ուզում, որ օրինագիծն անցնի, դա ուրիշ բան, բայց առաջին քվեարկությունից հետո ո՞վ է տեսել նման բան: Չեք ուզում, ասեք՝ չենք ուզում, բայց առաջին քվեարկությամբ օրինագիծն անցել էր, հետո շուռ եկաք ու ասացիք, որ պետք է վերաքվեարկեք, ու ստացվեց, որ դեմ եք: Մնացածը թողնում եմ գործընկերների խղճին»:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Որպեսզի տեսնեիք, որ քվեարկությունը ոչ թե երկու, այլ մեկ անգամ է եղել, պետք է մինչեւ վերջ նստեիք սրահում (երեկ Գեւորգ Պետրոսյանը քվեարկության պահին պատրաստվում էր դուրս գալ սրահից.-խմբ): Այո, շփոթություն է եղել, որովհետեւ քարտուղարությունը ձայները սխալ է հաշվարկել, հետո տարրական հաշվարկով պարզ դարձավ, որ եղել է 4 կողմ, 3 դեմ եւ 3 ձեռնպահ ձայն: Իսկ այդ հարաբերակցությամբ չի կարող որոշումն ընդունվել: Բանավոր նկատողություն եմ տվել քարտուղարությանը: Տասը պատգամավորի դեպքում վեց կողմ ձայն պետք է լիներ»:

Ապա Գեւորգ Պետրոսյանի եւ ԲՀԿ մյուս պատգամավորների օրինագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու հարցը դրվեց քվեարկության: «Կողմ» քվեարկեց 33, դեմ՝ 70 եւ ձեռնպահ՝ 2 պատգամավոր, իսկ սա նշանակում է, որ օրինագիծը չի ներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031