Aravot.am-ը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն ստացավ իր հրաժարականի եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի կողմից՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին հովանավորելու ու նրա դոկտորական ատենախոսության թեմայով ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստից, որը վերջին պահին որոշվեց փակ անցկացնել, արդյոք քննարկումը բավարարե՞ց իրեն:
«Արդյոք բավարարեց ինձ այդ քննարկումը, ես կմեկնաբանեմ մեկ-երկու օրից»,-ասաց ԲՈԿ նախագահը:
Խնդրեցինք, այնուամենայնիվ, ասել՝ իր համար անսպասելի՞ էր՝ նիստի փակ անցկացվելը, մանավանդ որ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ի սկզբանե հավաստիացրել ու ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ նիստը բաց է լինելու, ուղիղ հեռարձակվելու է, եւ յուրաքանչյուր ոք կարողանալու է լսել ու տեսնել, թե ինչպես է ընթանում քննարկումը:
«Ես սպասում էի բաց նիստի, բայց իմ պահվածքի վրա դա ոչ մի ձեւ չազդեց»,-ասաց Սմբատ Գոգյանը:
Կարդացեք նաև
Հարցրինք նաեւ՝ նիստի սցենարը, քննարկման ընթացքն իր համար սպասելի՞ էր, թե՞ ոչ: «Առայժմ իրավունք չունեմ նիստի ընթացքը մեկնաբանել»,-ասաց պարոն Գոգյանը:
Հիշեցնենք,որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նիստից առաջ գրառում էր կատարել եւ ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով, իր խոսքով, հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ ասելով. «Եթե պարզվի՝ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության»: Նրա հայտարարությունը, միանշանակ չի ընկալվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ