Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ նախկինները, գտնում են, որ այս իշխանությունները չեն կարող երկիրն առաջ տանել». «Փաստ»

Մայիս 26,2020 11:28

Արտաքին ու ներհայաստանյան խնդիրները միասին դիտարկելով է քաղաքագետ Գագիկ Համբարյանը բացատրում այն հնարավոր գործընթացները, որոնց մասին վերջերս շատ է խոսվում: Խոսքը մասնավորապես անցումային կամ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին է:

«Այստեղ խնդիրը բազմաբևեռ է: Խոսքը թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելուն ուղղված իշխանության քայլերի մասին է: Մեր՝ ներհայաստանյան մարտահրավերներից առաջնային խնդիրն այն է, որ իշխանություններն ուղղակիորեն տապալեցին հակաճգնաժամային ծրագրերը: Ու այս առումով բացառություն չեն նաև սոցիալական ծրագրերը: Այս հանգամանքը մեծ դժգոհություն է առաջացնում հասարակության լայն շերտերի մոտ, քանի որ իշխանությունները չեն կարողացել իրականացնել իրենց խոստումները: Երկրորդ հատվածն արտաքին քաղաքականությանն է վերաբերում: Խնդիրն արտաքին քաղաքական վտանգների նկատմամբ գործող իշխանությունների անպատրաստ լինելն է, ինչը բավականին բացահայտ է: Օրինակ՝ մինչև հիմա ես, որպես ՀՀ քաղաքացի, իշխանության որևիցե ներկայացուցչի շուրթերից նորմալ պատասխան չեմ լսել Լավրովի հայտարարության վերաբերյալ՝ կապված Արցախյան հարցի լուծման հետ: Վերոնշյալ հանգամանքները բերել են նրան, որ շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ նախկինները, գտնում են, որ այս իշխանությունները չեն կարող երկիրն առաջ տանել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետի խոսքով, հետհեղափոխական շրջան ապրող երկրներում ընդդիմադիր դաշտում գործող ուժերը մի խնդիր ունեն. «Բոլոր նման երկրներում իրենց սխալները բարձրաձայնած ուժերին իշխանությունները փորձում են պիտակավորել՝ նրանց անվանելով, օրինակ, «նախկինների մնացորդներ»: Այդպիսով փորձում են կեղծ օրակարգեր ձևավորել՝ հասարակությանը շեղելով իրական խնդիրներից ու չեզոքացնելով քաղաքական քննադատներին: Երբ ինչ-որ քաղաքական ուժեր արդարացիորեն բարձրաձայնում են հետհեղափոխական իշխանությունների սխալներն ու բացթողումները, հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հասարակության մի հատվածի համար նրանք թիրախ են դառնում:

Հայաստանի ներկայիս իշխանությունները բավականին երկար ժամանակ, այդ թվում՝ հիմա, այդ տակտիկան են կիրառում: Բավականին տևական ժամանակ, մի քանի անգամ դառնալով հետապնդումների զոհ, ընդդիմադիրները ինչ-որ փուլում ավելի պասիվ էին գործում: Փոխարենը քաղաքական դաշտում ավելի ակտիվ էին հասարակական գործիչները, նաև նրանք, ովքեր նախորդ իշխանությունների հետ նախկինում ինչ-որ ձևաչափով համագործակցել էին»:

Հիմա, սակայն, ըստ Համբարյանի, չկա նախկին պասիվ փուլը:

«Հիմա բավականին մեծ ակտիվացում կա, ինչը պայմանավորված է իշխանությունների բացթողումների, սխալների հետ: Դա կապված է նաև հասարակության մի մասի՝ հետհեղափոխական թմբիրից դուրս գալու հետ: Երկու տարին այդքան էլ քիչ ժամանակ չէ հասկանալու, որ կերակրվել են կեղծ ու սին հույսերով: Ասում են՝ «տարիներ շարունակ երկիրը քանդվել է, այս իշխանություններն ինչպե՞ս կարող են երկու տարվա մեջ ինչ-որ քայլեր ձեռնարկել»: Սրան զուգահեռ, երկու տարի առաջ շատ մեծ հավատով լցված քաղաքացին նկատում է, որ այսօրվա պաշտոնյաներից շատերի սոցիալական վիճակը կտրուկ բարելավվել է, իսկ ինքը, այնուամենայնիվ, պետք է սպասի: Ընդհանուր առմամբ, կեղծ թվերը, խոստումները, իրադարձությունների վերաբերյալ կեղծ հայտարարությունները հասարակության մի շերտի աչքերը բացեցին, ու նրանք սկսեցին դժգոհել: Այդ դժգոհությունից էլ օգտվում են քաղաքական դաշտում գործող ուժերը, որով և պայմանավորված է նրանց ակտիվությունը»,-հավելեց քաղաքագետը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031