Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ կործանվում ենք, ոչ էլ ծաղկում

Մայիս 26,2020 10:00

Շատ բնական է, որ ընդդիմությունն ուռճացնում է ցանկացած բացասական երեւույթ ու փորձում է այն բերել քաղաքական օրակարգ, իսկ իշխանությունը, հակառակը, նման դեպքերի նշանակությունը նսեմացնում է, գտնում է բազմաթիվ արդարացումներ եւ, լավագույն դեպքում, ներկայացնում է դրանք որպես փոքրիկ ամպիկներ համընդհանուր պայծառ երկնակամարին: Այդպես է ամբողջ աշխարհում:

Սյունիքի դեպքերը վերջին օրինակն են: Ըստ ընդդիմադիրների՝ ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառումը կամ ոստիկանության բաժանմունքներում մարդկանց հանդեպ բռնությունը ինչ-որ մի արտառոց երեւույթներ են, որոնց մենք առնչվում ենք բացառապես վերջին երկու տարիների ընթացքում: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդպես չէ. նման երեւույթներ հանդիպել են եւ հանդիպում են թե՛ Հայաստանի եւ թե՛ ցանկացած այլ երկրի պրակտիկայում:

Իրենց հերթին իշխանության ներկայացուցիչները, երկրպագուները եւ/կամ «նախկիններից» նեղացածները փորձում են ձեւ անել, թե ոչինչ չի պատահել, ու պարզապես չարամիտ «նախկիններն» են (իշխանական շրջանակներում ընդունված չէ օգտագործել «ընդդիմություն» բառը) պղտոր ջրում ձուկ որսում:

«Բա ձեր ժամանակ…» փաստարկն այնքան էլ զորեղ չի: Այո, «այն ժամանակ» նույնպես նման բաներ եղել են, եւ «այն ժամանակվա» ընդդիմությունը նույնպես փորձում էր դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել, ինչը բնական է: «Բա ինչո՞ւ Լիսկայի ժամանակ ձայն չէիք հանում» փաստարկը, թեեւ իրականության հետ առնչություն ունի, բայց էթիկայի տեսանկյունից վիճելի է: Հիտլերի ժամանակ ինչո՞ւ բոլոր գերմանացիները համակենտրոնացման ճամբարում չէին:

Նույնը, իհարկե, կորոնավիրուսի հարցում: Ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունն իր ապաշնորհ գործողություններով ազգն ու երկիրը հասցրել է անդունդի եզրին: Նույնը վերջին 30 տարիների ընթացքում ասում էին բոլոր ընդդիմադիրները: Բայց փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի գրեթե 3 տասնամյակ, իսկ առավել եւս հայկական էթնոսի հազարամյա գոյությունը չի կարող խոչընդոտել ոչ մի ապաշնորհ կամ շնորհալի կառավարություն:

Իշխանական կամ իշխանամետ շրջանակներն էլ պնդում են, որ վերջին երեք ամիսների ընթացքում կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարարությունը, ինչպես նաեւ պարետատունը աշխատել են հոյակապ, եւ կորոնավիրուսի տարածման սարսափազդու թվերը կա՛մ դարձյալ «նախկինների» դավադրության հետեւանք են, կա՛մ էլ մեր ազգաբնակչության ոչ գիտակից վերաբերմունքի արդյունք:

Խնդիրն այն չէ, որ հակադիր քաղաքական ուժերն ունեն միեւնույն իրադարձությունների տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ՝ այլ կերպ, հավանաբար, չի էլ կարող լինել: Ցավալի է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունն այդ ծայրահեղացված քարոզչությունը լուրջ է ընդունում եւ հարում է այս կամ այն բեւեռին: Այ, դրանով մենք տարբերվում ենք աշխարհի շատ երկրներից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031