Հումանիտար կամ հասարակագիտական կրթությամբ մարդը, կամ պարզապես՝ վատ կրթված մարդը, դժվար է ընկալում օրենքների անբեկանելիությունը՝ բնագիտական եւ ճշգրիտ գիտությունների ու առարկաների մեջ: Իմացաբանական խնդիրն առաջանում է այդ գիտությունների հենց էության հետ կապված. բնագիտական եւ ճշգրիտ գիտություններում ճշմարտությունը վեր է հանվում փորձերի արդյունքում, իսկ հասարակական եւ հումանիտար գիտություններում՝ որոշվում է մասնագետների կոնսենսուսի միջոցով: Եթե պարզեցնենք վերը նշված թեզը՝ կարելի է ասել, որ ճշմարտությունը մի դեպքում հասանելի եւ ստուգելի է (եւ այդ գիտությունները ճշգրիտ են), իսկ մյուս դեպքում՝ կախված է այն բանից, թե ինչպես եւ ինչի մասին են պայմանավորվում փորձագետները:
Եվ ահա, երբ մենք սկսում ենք կիրառել հումանիտար եւ հասարակական գիտությունների մեթոդաբանությունը ճշգրիտ եւ բնագիտական գիտությունների ոլորտում, խնդրի առաջ ենք կանգնում: Օրինակ գտնելու համար հեռուն պետք չէ գնալ՝ կորոնավիրուսի համավարակը եւ մեր իշխանությունների ու հասարակության արձագանքը՝ հրաշալի ցուցադրական նյութ են:
Սկզբում մեր իշխանությունը կորոնավիրուսը համարում էր «նախկինների» ձեռքի գործը, արհեստական օրակարգ, որի նպատակն է խափանել իշխանությանն անհաճո Սահմանադրական դատարանից ազատվելու նպատակով նախաձեռնված հանրահավաքը:
Ապա սկսվեց խուճապը, եւ կարանտին մտցվեց:
Կարդացեք նաև
Հետո գիտակցեցին, որ կարանտինը չի գործում, իսկ տնտեսությունը լճանում է, եւ վերջապես այս ամենը հանգեցրեց անխուսափելի խոստովանության՝ համավարակ կա, եւ դրա հետ պայքարելն անհնար է: Չի մնացել որեւէ այլ բան, քան հույսը դնել բնակչության գիտակցության վրա:
Մեր հասարակությունը մինչ այն պահը, երբ մեզ մոտ հայտնվեց առաջին հիվանդը, կորոնավիրուսի մասին չէր էլ մտածում, ապա սկսեց խուճապի գիրկն ընկնել, որից հետո թքած ունեցավ կարանտինի վրա, իսկ հիմա հաճույքով ըմբոշխնում է դավադրապաշտական տեսությունները եւ չի հավատում վարակի գոյությանը: Թե՛ իշխանությունը (հասարակագիտական մտածողության պատճառով), թե՛ հասարակությունը (քանի որ բավականաչափ կրթված չէ) նույն սխալն են գործել. նրանց թվացել է, որ կորոնավիրուսի հետ հնարավոր է պայմանավորվել, եւ որ վարակը հաղթելու համար բավարար է ձեւացնել, թե պայքարում ես դրա դեմ:
Թե ինչպես է գործում իմիտացիան՝ պարզ է ցանկացած մարդու, որը գոնե որոշակի չափով ինտեգրված է մեր հասարակության մեջ: Մենք ժողովրդավարության ձեւ ենք անում՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներից մշտապես բռնապետություն պահանջելով, ձեւացնում ենք, թե հոգ ենք տանում առողջության մասին, բայց դիմում ենք բժիշկներին, երբ դանակը ոսկորին է հասնում, կրթության իմիտացիա ենք անում՝ գերադասելով սակայն, որ մեր երեխաները ճարպիկ եւ ոչ թե «դոդիկ» մեծանան: Օրենքները մենք դիտարկում ենք որպես մի բան, որը ստեղծված է խախտելու համար, իսկ կանոնները՝ որպես քաղաքացուց տուգանք պոկելու միջոց: Այդ ամենը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, բայց մենք վաղուց սովոր ենք այդպես ապրել:
Ցավն այն է, որ դրանում մենք համոզվում ենք հիմա՝ նայելով հիվանդացողների եւ մահացածների աճող թվերին. կորոնավիրուսի հետ (իսկ համաճարակաբանությունը, հիշեցնեմ, բնական առարկա է) հնարավոր չէ պայմանավորվել: Հնարավոր չէ նրան համոզել, որ այս կիսամիջոցները բավարար են: Կորոնավիրուսը թքած ունի, որ նրա գոյությանը չի հավատում Հայաստանի բնակչության մեծամասնությունը:
Վրաստանում դա միանգամից հասկացան: Այդ երկրի առողջապահության նախարարը չէր հպարտանում, թե դիմակ չի կրում եւ երեխաներին դպրոց է ուղարկում: Վրաստանում կարանտինի պահպանումը դարձավ իրավապահ մարմինների խնդիրը:
Արդյունքներն ակնհայտ են:
Ս. Յ.
«Առավոտ» օրաթերթ
26.05.2020