Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում անասուններ են սատկել․ ուժգին քամին ոչխարներին գետն է լցրել, դպրոցներ ավերել

Մայիս 25,2020 22:30

Երեք օր է՝ Շիրակի մարզում ուժգին քամին չի դադարում, օրվա տարբեր ժամերի այն մեծ վնասներ է հասցնում տարբեր համայնքների․ կոտրում է տան ու դպրոցների տանիքները, քշում անասուններին, հոսանքազրկում համայնքները։ Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական լրահոսից, այսօր էլ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր, վնասվել են Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց, որ երեք օր է՝ սկսած ամսի 22-ից Շիրակի մարզը վնասներ է կրում։

«Ամսի 22-ի երեկոյան է սկսվել, 24-ի երեկոյան դարձյալ երկու համայնքից են ահազանգ ստացել վնասների վերաբերյալ և այսօր կեսօրին մոտ 12 համայնքներից ենք ահազանգեր ստացել։ Այս պահին ամփոփում ենք ամսի 22-ին կրած վնասների չափերը և նորից ստանում ենք նոր տվյալներ համայնքներից կամ բնակավայրերից արդեն նոր վնասների վերաբերյալ։ Այս երեք օրը մենք ինտենսիվորեն զբաղվում ենք ուսումնասիրությամբ, վնասների արդյունքների ամփոփմամբ։ Նախ և առաջ հիմնվում ենք տեղական հանձնաժողովների, համայնքներից ստացված տվյալների վրա, դրանք ենք ամփոփում, դրանից հետո նոր կունենանք մարզի պատկերն՝ ըստ այդ օրերի։

Տարբեր տեսակի վնասներ են կրել, օժանդակ կառույցներ են վնասվել, բնակելի տների տանիքները կամ ամբողջությամբ են վնասվել կամ մասնակի, նյութական այլ վնասներ ևս կան, օրինակ՝ Հոռոմում քամին ինչ-որ բան պոկել, տարել գցել է անասունի վրա, որը սատկել է։

Մենք ահազանգ ենք ստացել, որ Ողջիում ուժեղ քամու ու հորդառատ անձրևի պատճառով ոչխարներ են լցվել գետը, արդյունքում 25 ոչխար սատկել են, մի մասին էլ փնտրում են, չեն գտել դեռ։ Այսինքն՝ նմանատիպ վնասներ ևս եղել են։ Էլեկտրասյուներ են տապալվել, ծառեր են պոկվել, մեքենաներ են վնասվել, տարբեր վնասներ են կրել, բայց ամենամեծ վնասները տանիքների ամբողջական քշել, տանելն է»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Ըստ մեր զրուցակցի, ամսի 22-ին տուժել են թվով 20 համայնքներ, որոնց թվում են՝ Գյումրին, Արթիկը, Անուշավանը, Փանիկը, Մեղրաշենը, Մեծ Մանթաշը, Վարդաքարը, Հովտաշենը, Հոռոմը, Սարատակը, Հայրենյանցը, Ախուրյանի կենտրոնը, Երազգավորսը, Հայկավանը, Բայանդուրը, Ախուրիկը, Ղարիբջանյանը, Առափին։

Երեք համայնքներից զանգեր են ստացել, որ իրենց մոտ քիչ են վնասները, տեղի ուժերով կկարգավորեն խնդիրները։

Վնասներ կրել են նաև Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի քանի բնակավայրեր, ամիս 24-ին Լեռնակերտ և Փոքր Մանթաշ համայնքներից են ստացել ահազանգեր, որ բնակելի տների ու օժանդակ կառույցների տանիքներն են ամբողջությամբ վնասվել, այսօր էլ 12 համայնքներից են ահազանգ ստացել։

Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, 6 դպրոցների տանիքներ են վնասվել , օրինակ՝ Արթիկի թիվ 1 դպրոցը մոտ 500 հազարի վնաս է կրել, Քարաբերդի դպրոցի մի մասնաշենքի տանիքն ամբողջությամբ կոտրվել է այսօրվա քամուց, Մայիսյանի դպրոցն է վնասվել, մասնակի վնասվել է նաև Գյումրու թիվ 20 դպրոցի տանիքը, նաև Կառնուտի դպրոցինը։

Այս պահին հաշվարկներ են կատարվում՝ ճշտելու, թե մարզում ինչքան վնասներ են կրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031