Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վարակը քայքայիչ է, ես չգիտեի, որ այն նույնիսկ ընտանիքներ է քայքայում». COVID 19 հաղթահարած կնոջ պատմությունը

Մայիս 25,2020 23:13

Կորոնավիրուսը հաղթահարած Ժ.Բ-ն օրեր առաջ է ապաքինվել ու ընտանիքով վերադարձել տուն: COVID 19-ով վարակվել էին նրա ընտանիքի ողջ անդամները՝ սկեսուրը, ամուսինը, 2 անչափահաս երեխաները: Բոլորը բուժման համար տարբեր հիվանդանոցներում էին հայտնվել: Ամենից ծանրը սկեսուրի վիճակն էր՝ տարիքով պայմանավորված, Ժ. Բ-ի ամուսնու 82 մայրը զուգորդված հիվանդություններ էլ ուներ, բուժումը ստացել է Սուրբ Աստվածամայր բ/կ-ում: Մեր զրուցակիցը, նույնպես զուգորդված հիվանդություններ է ունեցել ու մոտ 14 օր միջին ծանրությամբ պայքարել կյանքի ու առողջության համար Ոստիկանության բժշկական հոսպիտալում:

«Չգիտենք, թե ումից վարակը վերցրինք, բայց ինձ թվում է ես վարակվել եմ աչքերովս, որովհետեւ վարակի նախանշանները աչքերիցս սկսեցին, ինչ-որ արտասովոր բան էր կատարվում աչքերիս հետ, հետո հաջորդ օրվանից ջերմություն ունեցա, մի քանի օր դա պայմանավորեցի մրսածությամբ, բայց գնալով վիճակս վատանում էր, իմ ողջ կյանքում նման զգացողություններ չեմ ունեցել. ձեռքերիցս մինչեւ արմունկ ու ոտքերիս թաթերից մինչեւ սրունք, արտասովոր ցավում էր, հետո կորցրի համի ու հոտառության զգացողությունը… անմիջապես տեղամասի բժշկին դիմեցի, գանգատներս հայտնեցի ու թեստ հանձնեցի, դրական պատասխան եկավ , ինչից հետո շտապ օգնության մեքենայով ինձ տեղափոխեցին Ավանի հոսպիտալ»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, մոտ երկու շաբաթ հոսպիտալում անցկացրած օրերին բժիշկներին դեմքերով չի տեսել, բայց նրանց ճանաչել ու հասցրել է սիրել սրտով՝ նրանց աննկարագրելի հոգատարությամբ պայմանավորված.

Բժիշկ Շուշան Վանուշովնան:

«Շատ անգամներ եմ հիվանդանոցում բուժման նպատակով օրեր անցկացրել, բայց նման վերաբերմունք չեմ տեսել բժիշկների կողմից, որոնք քեզ հոգատարություն են ցույց տալիս առանց հետին մտքի, առանց որեւէ ֆինանսական ակնկալիքի: Նրանցից շատերին դեմքերով չեմ էլ տեսել, բայց գիտեմ անուններով, որոնք նույնիսկ ապակուց այն կողմ մեզ ուժ էին տալիս, ձեռքով մտերմաբար ողջունում: Բոլոր բժիշկներին, բուժքույրերին ու սանիտարներին հոգաչափ շնորհակալ եմ այդ անձնվեր աշխատանքի համար, նրանք ինձ հետ անքուն գիշերներ են անցկացրել, ինձ հետ չարչարվել: Բոլորն են հրաշալի աշխատել, բայց կառանձնացնեմ բժշկուհի Շուշանիկին, բուժքույրեր Նինային, Նոռային, պարզապես նրանց հետ ավելի շատ եմ առնչվել, շնորհակալ եմ բոլորիցդ՝ ձեր անձնվեր ու անշահախնդիր ծառայության համար»:

Մեր զրուցակցին ե՛ւ զայրացնում, ե՛ւ զարմացնում է, որ կան մարդիկ, որոնք չեն հավատում կորոնավիրուսին. «Այս վարակը քայքայիչ է, ես չգիտեի, որ այն նույնիսկ ընտանիքներ է քայքայում, ահավոր օրեր էին, ընտանիքս պառակտված էր, ամեն մեկս մի տեղ ցրված, բայց փառք Աստծո, որ բոլորս հաղթահարեցինք, առողջացած տուն վերադարձանք ու կրկին միասին ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031