Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին «Տոյոտաներից» տարիքով, փորիկով ձյաձյաները չհելնեն լավ մեքենաները նստեն՝ նոր ատրճանակով». Քրիստինե Պողոսյանը՝ նոր, բարձր աշխատավարձով ոստիկանների մասին

Մայիս 25,2020 21:12

Մենք պարեկ ընտրելիս ի՞նչ չափանիշ ենք ընտրում, որ պարտադիր հասակը 1.80-ից ավե՞լ պիտի լինի, թե՞ պակաս, մազերը խուճուճ պիտի լինեն, աչքերը՝ կապույտ: Մենք ինչ կերպար ենք ուզում տեսնել, որքա՞ն կինոստիկանների ներգրավվածություն ենք ունենալու

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության բերած՝ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով Հայաստանում ներդրվելու է պարեկային ոստիկանությունը՝ ճանապարհային ոստիկանության ու պարեկապահակային ծառայության փոխարեն:

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը մանրամասն բացատրեց, թե ինչպես են կրթելու նոր պարեկներին, նրանց ստանդարտ գործողությունների ծրագիր են տալու, օրինակ, թե ինչպես պետք է վարվեն հարբած վարորդների հետ ու նրանք չեն մտածելու՝ սա անենք՝ ճի՞շտ կընկալվի, թե՞ ոչ: Նրանց տալու են նոր մեքենաներ, նոր զենքեր: Բարձր է լինելու նաեւ վարձատրությունը՝ կրտսեր պարեկի վարձատրությունը 320 հազար դրամ է (առանց հարկերի՝ 237 հազար), որը նվազագույն աշխատավարձն է: Ընդ որում, այլ սոցիալական երաշխիքներ էլ են սահմանվելու:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ ոստիկանի նոր կերպարի մասին խոսելիս պետք է համոզված լինենք, որ ոչ միայն արտաքին տեսքն է փոխվել, այլ նաեւ բովանդակությունը. «Լավ կլինի, որ մենք չունենանք այն պատկերը, որ հին «Տոյոտաներից» տարիքով, փորիկով ձյաձյաները չհելնեն ուղղակի մեր լավ մեքենաները նստեն՝ նոր ատրճանակով: Այն, ինչ լսում ենք, հիանալի է, հիմա պիտի հասկանանք, թե պրակտիկայում դա ոնց է լինելու: Մենք պարեկ ընտրելիս ի՞նչ չափանիշ ենք ընտրում, որ պարտադիր հասակը 1.80-ից ավե՞լ պիտի լինի, թե՞ պակաս, մազերը խուճուճ պիտի լինեն, աչքերը՝ կապույտ: Մենք ի՞նչ կերպար ենք ուզում տեսնել, որքա՞ն կին ոստիկանների ներգրավվածություն ենք ունենալու»:

Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ պարեկներին պատրաստելու մի քիչ վրացական, մի քիչ ուկրաինական փորձն են վերցրել: Կանանց քվոտայի հետ կապված նա ասաց, որ վարչապետից առաջարկ են ստացել կանանց մեծ ներգրավվածություն ապահովել, բայց միջազգային փորձը հաշվի առնելով՝ չեն ուզում զուտ թվի համար կանանց ներգրավել: Եթե կանայք նորմալ առաջադիմություն ցույց տան, կներգրավվեն. «Փորով ձյաձյաների հետ կապված՝ պարեկային ծառայության համալրման դեպքում բաց մրցույթի ճանապարհով են գնում ու շատ փորով ձյաձյաները ձեւ չունեն այն ֆիզիկական վարժություններն անցնելու, որը լինելու է: Բայց նկատի ունենանք՝ եթե փորով ձյաձյան գալիս է ու անցնում է բոլոր բարյերները, նա պետք է նշանակվի ու այստեղ կապույտ աչքերն ու մյուս գրավիչ առանձնահատկությունները չափանիշ չեն լինելու»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ պարեկի ընտրության հարցում սկզբում 30 տարեկանի շեմ էին սահմանել, հետո դարձրել են մինչեւ 35 տարեկան, բայց այդտեղ քննարկման խնդիր կա, քանի որ ամեն տարիք իր սթրեսներն ունի:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց, որ երբ ոստիկանը մոտենում է քաղաքացուն ու ասում է՝ «ախպերս», այլ ոչ թե՝ «հարգելի քաղաքացի», այդտեղ ամեն ինչ ավարտվում է:

Իմքայլական Արմեն Խաչատրյանն ասաց, որ իրավախախտի, լկտիի համար նշանակություն չունի՝ իր դիմաց կանգնած է նոր համազգեստով, նոր զենքով ոստիկա՞ն, թե՞ հին: Ոստիկանի զենքը փոխում են, բայց զենքի կիրառման եւ օգտագործման կանոններն այնքան թերի են, որ երբ օգտագործեց զենքը՝ ոստիկանը կդատապարտվի, ուստի նա առաջարկեց՝ պետք է ոստիկանի լիազորությունների սահմանն ավելացնել: Անդրանիկ Քոչարյանը չհամաձայնեց: Ըստ նրա, երբ այդ նույն լկտին դիմացը ինտելեկտուալ կերպար տեսնի՝ զենքով, ամեն ինչով, դա հաստատ աշխատելու է, որովհետեւ հոգեբանություն է. «Այսօր ախպերություն կա, նույն պարեկային ծառայությունը տանողները մայլի տղերք են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031