Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այնքան էլ մեծ չէ․ այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը տեղեկացրեց, որ այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում են 47 պացիենտ, որից 46-ի մոտ է դրական հաստատված թեստավորում։ Նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչներ են, իսկ մյուսներն՝ այլ մարզերից են։ Նշենք, սակայն, որ մահվան ևս երկու նոր դեպք է արձանագրվել․ 7-ից դարձել են 9-ը, Շիրակի մարզի երկու բնակիչներ՝ մեկ կին և տղամարդ մահացել են մայրաքաղաքում։
«Այսօրվա դրությամբ մենք Շիրակի մարզից ունենք ընդհանուր լավացումով դուրս գրված 166 պացիենտ», -ասաց առողջապահության վարչության պետի ժ/պ-ն։
Մեր ճշտող հարցին՝ կարելի՞ է ասել, որ Շիրակում առկա թվերն այդքան էլ անհանգստացնող չեն, Լեյլի Ասլանյանն ասաց․ «Մեզ մոտ վիճակն այս պահի դրությամբ կայուն է»։
Մեր զրուցակիցն ասաց, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այս պահին գրեթե 50 տոկոս ծանրաբեռնվածություն ունի, այնտեղ կարող են բուժում ստանալ մինչև 100 հիվանդ, այս պահին 47-ն են։
Կարդացեք նաև
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե կա՞ն Գյումրու ինֆեկցիոնից թեթև ախտանիշներ ունեցողներ պացիենտներ, որոնց նախարարի հրամանի համաձայն՝ տուն են ուղարկել, և արդյո՞ք նրանք չեն դառնա վարակի աղբյուր շրջապատի համար։
«Մենք ուրբաթ օրն ենք ստացել նախարարի հրամանը, որով կարգավորվում է անախտանիշ և թեթև ախտանիշներով հիվանդների հսկողությունը տանը իրականացնելու կարգը։ Առաջնային օղակն է իրականացնելու հսկողությունը։ Այնտեղ հստակ չափանիշներ են սահմանված, համաձայն որի, դրվում է թեթև և անախտանիշ ընթացք և իրականացվում է հսկողություն տնային պայմաններում, բնականաբար 14 օրյա հսկողություն, ընտանեկան բժշկի ամենօրյա հեռախոսակապի միջոցով, նաև տնային այցեր միջոցով։ Հետևելով ընթացքին, նաև հաշվի առնելով հիվանդության զարգացման ընթացքը՝ եթե կան այնպիսի ախտանիշներ, որոնք ցուցում են հոսպիտալացման, քննարկվում են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մասնագետների հետ, այնտեղ մասնագիտական խմբեր են գործում, քննարկման արդյունքում նոր որոշվում է հիվանդի հոսպիտալիզացիան»,-ասաց մարզի առողջապահության պատասխանատուն։
Լեյլի Ասլանյանն ասաց, որ ուրբաթ օրվանից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների տեսակավորում է իրականացվել, գնահատվել է նրանց վիճակը և ըստ այդմ՝ պացիենտներին ուղարկել են առաջնային օղակներում հսկողության։
«Նրանք տանը պիտի գնան ինքնամեկուսացման, մենք պացիենտների հետ էլ ենք աշխատում՝ ինչպես պահպանել ինքնամեկուսացման կանոնները, որպեսզի խուսափեն նաև ընտանիքի անդամներին վարակելուց։ Իհարկե, ռիսկը կա, դա բացառված չէ։ Այս պարագայում մենք ապավինում ենք մեր պացիենտների ինքնագիտակցական մակարդակին, իրենց հետ աշխատում ենք, աշխատում են առաջնային օղակի մասնագետները, բացատրում են՝ ինչպես անել։ Դա նաև պատասխանատվություն է իրենց հարազատների նկատմամբ, որ չվարակեն նրանց»։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ են հատուկ պաշտպանիչ հագուստները փոխելու թեթև ախտանիշներով կամ անախտանիշ հիվանդներին տնայց կատարող բժիշկները, որտե՞ղ են ախտահարելու։
«Հրամանի մեջ նշված է՝ ինչ արտահագուստով պիտի այցելեն, ինչպես պետք է արտահագուստը հանեն, այդ բոլոր կարգավորումները կան, մենք դասընթացներ ենք կազմակերպել։ Առողջապահության ազգային ինստիտուտը մի քանի օր շարունակ առցանց դասընթացներ կազմակերպեց մեր առողջության առաջնային պահպանման օղակի բուժանձնակազմի հետ, բնականաբար մանրամասները նրանց բացատրվեց, ինչպես պետք է վարվեն»,- ասաց Լեյլի Ասլանյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ Շիրակի մարզում վարակի երկու խոշոր օջախներ կան, մեկը՝ Գյումրին է, մյուսը՝ Անի խոշորացված համայնքը։
«Գիտեք, որ Անիում սահմանափակումները վերացվեցին։ Գիտեք, որ Մարալիկի առողջության կենտրոնում մեծ թվով վարակվածներ ունեցանք, նաև կոնտակտավորներ, որոշ ժամանակով փակվեց Մարալիկի առողջության կենտրոնը, արդեն սկսել է աշխատել, մարդիկ առողջացել են, վերադարձել են աշխատանքի»։
Մեզ հասած տեղեկություններով, այս օրերին կորոնավիրուսով վարակվել են մի քանի բժիշկներ, նրանցից մեկը հիվանդացել է պոլիկլինիկաներից մեկում նմուշառում իրականացնելիս, մյուսը՝ մայրաքաղաքում վիրահատություն անելիս, կան վարակված բուժաշխատակիցներ նաև Ախուրյանում։ Մեր տեղեկությունները ճշտեցինք Լեյլի Ասլանյանից․
«Մեր բժշկական հաստատություններում, այո՛, դեպքեր ունեցել ենք։ Գիտեք որ բուժանձնակազմն ամենախոցելին է և՛ վարակվելու առումով, և՛ ռիսկային է վարակը տարածելու առումով։ Բուժանձակազմի մեջ ունենք վարակվածներ, բոլոր բուժհաստատություններում հաստատված դեպքերը վարակի տարածման օրվանից առ այսօր 48 է, կան ավագ, միջին և կրստեր բուժաշխատողներ, նաև կան այլ աշխատակիցներ, օրինակ՝ շտապօգնության վարորդներ։ Նրանց մեջ կան առողջացածներ, վարակվածներից 24-ը Մարալիկի առողջության կենտրոնից էին, որոնք առողջացել են»։
Նշենք, որ Շիրակի մարզպետարանի այսօրվա հրապարակած տվյալներով՝ Շիրակի մարզից 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։ «Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1814 նմուշառում, մայիսի 12-ից 24-ը, ներառյալ` Գյումրիում իրականացվել է 491 նմուշառման հետազոտություն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ