ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ: Հիշեցնենք, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Արթուր Վանեցյանն իրեն առաջարկել է, որպեսզի դադարեցնի քաղաքական գործունեությունը, սիմվոլիկ գումար վճարի եւ իր դեմ հարուցված քրեական գործերը կկասեցվեն:
1,5 ժամ հետո ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողները Արթուր Վանեցյանին հարցրեցին` նման առաջարկ արե՞լ եք դուք Միքայել Մինասյանին: Արթուր Վանեցյանը շատ փակագծեր չբացեց. այդ հայտարարության հետ կապված, ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն, ուստի նախաքննական գաղտնիք չհրապարակելու համար նա մանրամասներ չասաց: «Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, ես չեմ մեկնաբանում»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Լրագրողները հիշեցրին, մի քանի ամիս առաջ Արթուր Վանեցյանը հորդորել էր չկապել իրեն նախկինների հետ, նաեւ ասել էր, որ Միքայել Մինասյանը մի մարդ է, ով պետք է օրենքի առջեւ պատասխան տա եւ հետաքրքրվեցին`ի՞նչ նկատի ուներ, Միքայել Մինասյանն իր կարծիքով, քրեական հանցագործություննե՞ր է կատարել: «Իմ կարծիքը որեւէ նշանակություն չունի, եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ առհասարակ, ցանկացած անձի մեղավորությունը եւ դատարանի նրան կճանաչի մեղավոր, ուրեմն, այդ մարդը մեղավոր է»,- պատասխանեց Արթուր Վանեցյանը:
Հստակեցնող հարցին`ԱԱԾ տնօրեն աշխատած շրջանից ունի՞ ենթադրություններ, որ Միքայել Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Արթուր Վանեցյանը պատասխանեց`բազմիցս է ասել`ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակաշրջանում իր ունեցած տվյալները երբեք չի հրապարակելու:
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցի`ինչպե՞ս է լինում, որ իր եւ Միքայել Մինասյանի ցանկությունը համընկնում են վարչապետի փոփոխության եւ նոր կառավարություն ունենալու հարցում, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ վարչապետի հրաժարականի մասին, առաջինն է խոսել, դեռեւս հունվար ամսին. «Հիմա երբ որ արդեն բոլոր են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել»:
Ի դեպ, Արթուր Վանեցյանից հետո, ՀՔԾ շենքից դուրս եկավ նաեւ նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը: Նա հեռացավ`առանց լրագրողների հարցերին պատասխանելու`ի՞նչ գործի շրջանակներում է ՀՔԾ-ում, ի՞նչ կարգավիճակ ունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ