Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարությունը անվտանգության համակարգի բարեփոխումների շրջանակներում ներկայացրել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ գուցե այսօր մեր ոստիկանությունն ու ուժայինները իներցիայով են գործում, բայց փոփոխությունները ուզենք, թե չուզենք՝ ակնառու են. «Այսօր ոստիկանը չի գնում պատվերի հետեւից, գնում է իր իրավասության հետեւից, գուցե մի քիչ կաշկանդված: Այս փոփոխություններով կաշկանդվածությունը հաղթահարելու հնարավորություն կունենան: Առաջին անգամ ոստիկանությունը կունենա հնարավորություն նոր համազգեստով, նոր կերպարով, նոր ինտելեկտով ներկայանալ: Հասարակության մոտ ոչ մի կասկած չի առաջանալ, երբ ոստիկանն ասում է՝ մի արա դա, արդեն այդ հրահանգից հետո պետք է չանի, չի քննարկելու, որ այստեղ քաղաքական դրդապատճառ կա ու պախկվի քաղաքական տեքստերի տակ»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինչպես զինված ուժերում, ոստիկանությունում էլ պետք է լինի էլիտա. «Առաջին արտաքին ծառայությունները շատ կարեւոր են: Հասարակության հետ առաջին իսկ շփումով վստահությունը պետք է ժայթքի իրենից: Սա իրականություն է դառնում, որովհետեւ Հայաստանում բան փոխվեց՝ պատվերով համերգները վերջանում են»:
Կարդացեք նաև
Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց, որ այս նախագծով ներդրվում է պարեկային ծառայություն: Ներկայումս ոստիկանության համակարգում գործում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը եւ պարեկապահակային ծառայությունը, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթեւեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները եւ հասարակական կարգի պահպանությունը: Հիմա նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության գործառույթները: Մինչ այդ պետք է պարեկների պատրաստեն ոստիկանության կրթահամալիրում հատուկ ծրագրով, որը կտեւի 5 ամիս: Հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին: Պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով:
Ուստի, այս նախագիծը լուծում է ոլորտի բարեփոխումների առաջին կարճաժամկետ նպատակը` «Պարեկային ոստիկանության» կազմավորման եւ դրա գործունեության ապահովումը hանրապետության տարածքում: Սկզբում այն կգործարկվի միայն Երեւանում՝ 2021-ի առաջին եռամսյակին, այդ ընթացքում մարզերում դեռ ճանապարհային ոստիկաններ կլինեն: Գրիգորյանն ասաց, որ կրթահամալիրը կարող է պատրաստել 700 պարեկ, իսկ այդքան պարեկը կարող է «ծածկել» Երեւանը, հետո մեկ տարվա ընթացքում կավելացնեն ծառայողների թիվը՝ մարզերի համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ