Ստիպված ենք արձանագրել, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի ակտիվ շրջանառություն:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի օպերատորներին հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր: Այս տեղեկատվությունը բաց է ու հասանելի: Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցերում:
Միևնույն ժամանակ, Հայաստանի շարժական կապի ներքոստորագրյալ երեք օպերատորները, որոնք գործում են ՀՀ օրենսդրության և պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիաների շրջանակներում, հորդորում են զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկատվության, ինչպես նաև՝ օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարությունների տարածումից: Համավարակով պայմանավորված իրավիճակում երեք օպերատորներն անում են առավելագույնը, որպեսզի հայաստանյան բաժանորդները մշտապես կապի մեջ մնան աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց մտերիմների, գործընկերների և կարևոր մարդկանց հետ, կարողանան առցանց աշխատել, կրթվել և, մնալով տանը, կանխել վարակի տարածումը։ Սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին: Շնորհակալություն ըմբռնման համար:
Կարդացեք նաև
«Յուքոմ» ՓԲԸ
Beeline Հայաստան
Վիվա-ՄՏՍ