Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանում կորոնավիրուսի բռնկման օջախի պատճառը. մանրամասնում է Լիանա Թորոսյանը

Մայիս 25,2020 19:15

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այսօրվանից մինչեւ հունիսի 3-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սեւան hամայնքում: Խիստ սահմանափակումներ են կիրառվելու տնտեսական գործունեության ոլորտում, արգելվում է քաղաք ելումուտը։

Aravot.am-ն այսօր առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանին խնդրեց մանրամասնել՝  Սեւանում կորոնավիրուսի օջախն ինչպե՞ս է բռնկվել, արդյոք հանրային միջոցառումներ՝ հարսանիք, հուղարկավորություն կամ մեծաքանակ մարդկանցով ծնունդներ են եղել: Նաեւ հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են Սեւան քաղաքում կորոնավիրուսի զանգվածային դեպքեր գրանցվել, եւ  ինչո՞ւ ավելի շուտ քաղաքում խիստ միջոցառումներ չիրականացվեցին, քանի որ մեր տեղեկություններով, մոտ տաս օր առաջ այնտեղ դեպքերն արդեն շատ էին:

Ի պատասխան մեր՝ վարակի բռնկման պատճառի մասին հարցի, Թորոսյանն ասաց.  «Դա կարող է լինել մարզում ձեւավորված օջախների շարունակականությունը եւ այդպես հարցը ձեւակերպել, թե վերջին անգամ երբ են դեպքեր արձանագրվել… դեպքերը հիմա արձանագրվում են, եւ հիվանդությունն ինքնին նոր հիվանդություն է եւ չենք կարող համեմատական անցկացնել անցյալի եւ ներկայի պարագայում»:

Նկատենք, սակայն, որ մեր հարցը վերաբերում էր ոչ թե պարզապես մեկ-երկու դեպքի գրանցմանը, այլ՝ մասսայական, եւ Թորոսյանն, ըստ էության, մեր հարցին կոնկրետ պատասխան չտվեց, ինչպես նաեւ կոնկրետ պատասխան չտվեց մեր մյուս հարցին՝ ավելի վաղ խիստ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ:

«Միջոցառումները մշտապես են իրականացվել, միջոցառումներն իրականացվել են բոլոր մարզերի եւ համայնքների համար, ուղղակի այստեղ նաեւ մարդկային գործոնի խնդիր է, որ բոլորս պետք է աչալուրջ ու զգոն լինենք, ու հիվանդությունը դիտարկենք ավելի շատ վարքագծային հիվանդություն, որ կարողանանք իրավիճակը կայունացնենք»,-ասաց Թորոսյանը:

Նշենք, միջոցառումներ այո, իրականացվում են, բայց մենք հարցում հստակ նշել էինք՝ խիստ սահմանափակումներ, այնպիսին, ինչպիսին հիմա են կիրառում:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031