Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ:
Նախագահ Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, անդրադարձել դրա հետևանքով առաջացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված երկու երկրների ու միջազգային հանրության ջանքերին:
Նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել Եվրամիության հետ համագործակցության Հայաստանի և Չեռնոգորիայի փորձին:
Կարդացեք նաև
Նախագահ Սարգսյանն ու նախագահ Ջուկանովիչը կարևորել են նաև երկու բարեկամ երկրների միջև փոխհարաբերությունների խորացումը: Նշվել է, որ զարգացման մեծ ներուժ է առկա հատկապես ծառայությունների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ